Մատչելիության հղումներ

Բարաք Օբամայի վարկանիշը շարունակում է նվազել


Բարաք Օբամայի վարկանիշը շարունակում է անկում ապրել, պնդում են ամերիկացի սոցիոլոգները: Gullap հետազոտական ծառայության վերջին հարցման արդյունքները վկայում են, որ Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 49 տոկոսը միայն:

Սա Օբամայի նախագահության 10 ամիսների ընթացքում արձանագրված ամենացածր ցուցանիշն է եւ առաջին դեպքը, երբ հարցվածների կեսից ավելին միանշանակորեն հայտարարում է, որ գոհ չէ Սպիտակ տան ղեկավարի աշխատանքից:

Վարկանիշի անկման պատճառը, ըստ ամերիկացի վերլուծաբանների, առողջապահական ոլորտի բարեփոխումների փաթեթն է, որը հեղինակել են Օբամայի խորհրդականները: Բարեփոխումները կյանքի կոչելու դեպքում առաջին անգամ ամերիկյան պատմության մեջ պետական առողջապահական հիմնադրամներ կստեղծվեն: Ընդդիմադիր հանրապետականները պնդում են, որ սա իր բնույթով «սոցիալիստական ձեռնարկ է եւ կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ ամերիկյան տնտեսության եւ պետական բյուջեի համար»:

Հանրապետականներին առայժմ չի հաջողվում կասեցնել առողջապահական բարեփոխումների ծրագրի իրագործումը: Ամերիկյան Սենատը շաբաթ օրը ձայների մեծամասնությամբ հավանության արժանացրեց այս նախաձեռնությունը:

Քարոզչական դաշտում, սակայն, Օբամայի թիմը կարծես պարտություն է կրում, եւ դրա ամենավառ ապացուցյը նախագահի վարկանիշի սրընթաց անկումն է:

Այսպես, եթե Gullap-ի` հուլիսին անցկացրած հարցման համաձայն Օբամայի վարկանիշը 60 տոկոս էր, ապա այժմ այն հատել է 50 տոկոսի` սոցիոլոգների բնորոշմամբ` «խորհրդանշական սահմանագիծը»:

Gullap-ի մասնագետները նկատում են, որ վերջին 60 տարիներին միայն չորս նախագահների վարկանիշն է պաշտոնավարման առաջին տարում նման անկում արձանագրել: 70-ականներին պաշտոնավարած Ջերալդ Ֆորդի վարկանիշը, օրինակ, 50 տոկոսից իջել էր պաշտոնը ստանձնելուց երեք, իսկ Բիլ Քլինթոնինը` չորս ամիս անց: 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարկանիշը, ինչպես եւ Օբամայինը, 50 տոկոսից իջել էր պաշտոնավարման 10-րդ ամսում:

Ամերիկացի սոցիոլոգները, այդուհանդերձ, այս վարկանիշային տվյալներին ծանոթացողներին խորհուրդ են տալիս հեռուն գնացող հետեւություններ չանել: Վերը նշված բոլոր դեպքերում ԱՄՆ-ի նախագահներին հաջողվել է գոնե մասամբ վերանվաճել ընտրողների վստահությունը, եւ պաշտոնավարման հետագա ամիսներին, որպես կանոն, նրանց վարկանիշը սկսել է աճել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG