Մատչելիության հղումներ

Լիտվայի արտգործնախարարի համոզմամբ, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը դրականորեն կազդի ԼՂ խնդրի կարգավորման վրա


2011 թվականին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) նախագահությունը ստանձնող Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը դրական ազդեցություն կթողնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման վրա։

«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Ուշացկասը հույս հայտնեց, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի խորհրդարանները կվավերացնեն արձանագրությունները։

«Ինչպես գիտենք, եւ ձեր արտաքին գործերի նախարարը կրկնեց մի քանի անգամ` որեւէ կապ գոյություն չունի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջեւ։ Այդ առումով չկա որեւէ փաթեթային լուծում։ Կարծում եմ, որ առաջին հերթին դուք պետք է կյանքի կոչեք այն, ինչի շուրջ համաձայնություն եք ձեռք բերել», - ընդգծեց Ուշացկասը։

Հարցին, թե ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնելուց հետո ի՞նչ քաղաքականության է փորձելու սատարել պաշտոնական Վիլնյուսը Ղարաբաղյան հարցում, Լիտվայի արտգործնախարարը պատասխանեց. - «Մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ բանակցություններ վարել դրական տրամադրվածությամբ եւ համոզված ենք, որ շատ կարեւոր է հակամարտությունը կարգավորել է որքան հնարավոր է շուտ, ինչը հնարավորություն կտա ապահովել նոր հեռանկարներ տարածաշրջանի եւ հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների համար… Լուծումը պետք է համահունչ լինի ԵԱՀԿ-ի սկզբունքներին՝ տարածքային ամբողջականություն, մարդու իրավունքների եւ ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանություն»:

Վերադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասաց, թե ինքը կարող է միայն ողջունել հարաբերությունների նորմալացմանը միտված ջանքերը. - «Մենք ողջունում ենք երկու կողմերի միջեւ ստորագրված համաձայնագիրը` դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ ապագայում սահմանների բացման մասին։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումների ժամանակ ես ասացի, թե կարծում եմ, որ այս զարգացումները պետք է ողջունվեն, եւ, անկեղծ ասած, հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Հույս ունեմ նաեւ, որ արձանագրությունների վավերացման գործընթացը հարթ կընթանա»։

Հարցին, թե որքանո՞վ կնպաստի հայ-թուրքական սահմանի վերաբացումը Եվրոպական Միության կողմից իրականացվող ու նաեւ հարավկովկասյան երկրներին միտված Արեւելյան գործընկերություն ռազմավարության իրականացմանը, Ուշացկասը արձագանքեց. - «Չեմ կարծում, թե [այդ առումով հայ-թուրքական սահմանի վերաբացումը] ուղղակի ազդեցություն կունենա, բայց կարծում եմ` այն անուղղակի ազդեցություն կթողնի տարածաշրջանում ավելի շատ փոխվստահության եւ կանխատեսելիության հաստատման գործում»։

Շարունակելով Եվրամիության «Արեւելյան գործընկերության» թեման՝ Ուշացկասը ասաց, թե ինքն անձամբ շատ ուրախ է, որ այդ ռազմավարության մեջ ընդգրկված բոլոր կողմերը` թե՛ այն երկրները, որոնց միտված է ռազմավարությունը, թե՛ իրականացնող կողմը` Եվրամիությունը, նախաձեռնության վերաբերյալ տալիս են միայն դրական գնահատականներ։

Ի պատասխան հարցին, թե ԱՄՆ-ի հետ ընթանո՞ւմ են արդյոք բանակացություններ` Լիտվայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման հարցի շուրջ, երկրի արտգործնախարարը ասաց, թե «բանակացություններ ընթանում են անվտանգության ոլորտի բոլոր հարցերի շուրջ, բայց «ներկայում որեւէ ծրագիր չկա` այդ տարրերը տեղակայել բալթյան երկրներում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG