Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը շարունակում է պնդել, որ Փաշինյանը բացակայել է Հայաստանից


Հայաստան -- Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյան, Երեւան, 20-ը նոյեմբերի, 2009թ.
Հայաստան -- Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյան, Երեւան, 20-ը նոյեմբերի, 2009թ.

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը, ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, կրկին պնդեց, թե իրենք ունեցել են հավաստի տեղեկություններ այն մասին, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ գտնվելու ընթացքում բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։

Հովհաննես Թամամյանի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ եւս երկու քաղաքացի՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Սուքիասյանը, ապօրինի են հատել Հայաստանի սահմանը. - «Օպերատիվ ճանապարհով, մենք ունենք մեր օպերատիվ հավաստի տեղեկությունները, որ, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այդ թվում, ես շեշտեցի, երկու անձնավորությունների, որոնք Հայաստանի Հանրապետությունը լքել են առանց օրինական գրանցման, եւ վերադառնալուց, երբ որ դիմել են այլ երկրներում դեսպանատուն կամ հյուպատոսարան, նոր իմացել ենք, որ այդ մարդիկ լքել են [Հայաստանը]»։

Թամամյան. Հստակ ապացույցների դեպքում կհիմնավորենք եւ hոդված կդնենք ...
«Ազատություն» ռադիոկայանի պատասխան հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չեն հարուցում Հայաստանի սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով, Թամամյանը պատասխանեց՝ «երեւի կհարուցվի, եթե հիմնավորենք»։

«Դա մենք ընդամենը, նորից եմ կրկնում, տվել ենք օպերատիվ տեղեկություն։ Հստակ ապացույցների դեպքում կհիմնավորենք եւ hոդված կդնենք», - ասաց Թամամյանը։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը վստահ չէր նաեւ, թե Փաշինյանը ի՞նչ ճանապարհով է հատել սահմանը՝ օդային, թե՞ ցամաքային։

«Երեւի ցամաքային», - «Ազատություն» ռադիոկայանի ճշտող հարցին արձագանքեց Թամամյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG