Մատչելիության հղումներ

Սպառողների համար ինտերնետը կարող է էժանանալ 30 տոկոսով


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ԱրմենՏել» եւ «Ֆայբրնետ» ընկերությունների կողմից տրամադրվող ինտերնետային կապուղիների համար սահմանել է առավելագույն սակագին, որը գրեթե կրկնակի անգամ էժան է այս տարվա սկզբին ընկերությունների կողմից առաջարկված միջին սակագնից։

«Հաշվարկային 15 տոկոս շահութաբերության նորմա է դրվել հաշվարկի բանաձեւի հիմքում, որի արդյունքում 1 մեգաբիտ ինտերնետի համար կլինի 174 հազար 2 հարյուր դրամ։ Մինչ այդ տարբեր առաջարկներ կային, որը տատանվում էր 277 հազարից մինչեւ 400 հազար դրամ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը։

Անցած ամիս հանձնաժողովը «ԱրմենՏել» եւ «Ֆայբրնետ Քոմյունիքեյշն» ընկերություններին ճանաչել էր միջազգային IP տարանցման ծառայությունների շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներ, ինչը հանձնաժողովին հնարավորություն էր տվել նախաձեռնել է այդ ծառայության սակագնի հաշվարկման գործընթացը:

Հանձնաժողովի նոյեմբերի 18-ին ընդունված որոշմամբ, 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը, որը յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հաշվարկվում է համապատասխան բանաձևի հիման վրա` կախված Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքի մեծությունից: Ներկա փոխարժեքի պարագայում միջազգային IP տարանցման 1 Մբիթ/վայրկյան արագությամբ տվյալների հոսքի առավելագույն սակագինը ստացվում է մոտ 174 հազար դրամ ամսական՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2010 թվականի հունվարի 1-ից։

Ըստ Սամվել Արաբաջյանի, սահմանված առավելագույն շեմը այս տարվա սկզբին ընկերությունների կողմից առաջարկված միջին սակագնից կրկնակի էժան է։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի կարծիքով, Հանձնաժողովի այս որոշման արդյունքում վերջնական սպառողի համար ինտերնետը կէժանանա շուրջ 30 տոկոսով: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համապատասխան հաշվարկներ է ներկայացրել կառավարությանը։

«Այստեղ միայն մտավախությունը հետեւյալն է, որպեսզի աշխատեցվեն նաեւ մեխանիզմները, որոնք հետեւում են որակին։ Իհարկե, գինն էլ է կարեւոր, բայց հատկապես կարեւոր է որակը», - նշեց Վարդանյանը։

Ինտերնետային ծառայություններ մատակարարող Web ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը ողջունում է հանձնաժողովի որոշումը, սակայն կարծում է, որ գործընթացը կարելի էր ավելի վաղ սկսել, այդ դեպքում ոլորտը այդքան դանդաղ չէր զարգանա:

«Շատ անհամբեր էինք սպասում նման որոշման, շատ կարեւոր էր դա մեզ համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տոնեյանը։ - «Մի տարի առաջ, երկու տարի առաջ հանգիստ կարող էր դա տեղի ունենալ, բայց տեղի ունեցավ հիմա։ Բավական էր միայն հենց այս հարցին ավելի լավ ուշադրություն դարձնեին, ինտերնետի ներկրման գները ժամանակին կարգավորեին, եւ դրա պատճառով ծրագրավորման ֆիրմաներն էլ մի քանի անգամ շատ կլինեին։ Որովհետեւ իրենց հիմնական դժգոհությունը վատ ինտերնետն է. գերբարձր գները եւ շատ ցածր որակը»։

Հնձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն ասում է՝ ավելի վաղ գերիշխող ճանաչելու մեթոդիկա չունեին։ Մեթոդիկան մշակվել է այս տարվա գարնանը, որից հետո սկսվել է գործընթացը։

«ԱրմենՏել»-ի իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս որոշումը իրենց վրա մեծ ազդեցություն չի ունենա. - «Մենք այդ շուկայում ունենք ոչ այնքան մեծ ծավալներ՝ համեմատ այլ շուկաների՝ բջջային կապի ծառայությունների, Hi-Line ինտերնետ, եւ այլն»։

«Ֆայբրնետ»-ի մամլո խոսնակ Միքայել Բալայանը փոխանցեց, որ իրենք առայժմ քննարկում են սահմանված նոր գները. - «Չեմ կարծում, որ մենք բողոքարկելու ենք դատական կարգով։ Մենք որոշ տեղ ունենք գները իջեցնելու, սակայն, ինչ վերաբերում է գների այդպիսի կտրուկ իջեցման հետ, մենք պետք է դեռ քննարկենք այդ հարցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG