Մատչելիության հղումներ

Կառավարությունը բյուջետային երաշխիք է հատկացրել եւս մեկ կառուցապատողի


Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշեց կես միլիոն դոլարին համարժեք դրամի բյուջետային երաշխիք տրամադրել «Նորաշեն 2007թ» կառուցապատող ընկերությանը՝ Երեւանի Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

Այս կապակցությամբ, նիստը վարող վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե սա այն որոշումներից է, որը արժանանում է կառավարության ընդդիմախոսների քննադատությանը՝ իբր գործադիրը օժանդակում է կառուցապատողներին եւ փոշիացնում միջազգային վարկերը։

«Կարծես թե կառուցապատողները մեր ազգի թշնամիներն են։ Փորձ է կատարվում հանրությանը թյուրիմացության մեջ գցել, որ մենք հարյուրավոր միլիոնի հասնող դոլարներ ենք տալիս կառուցապատողներին։ Մինչդեռ այս պահի դրությամբ երաշխիք ենք տվել ընդամենը 3,5 միլիարդ դրամի, որը չնչին գումար է, տվել ենք բավական խիստ պայմաններով», - դժգոհեց վարչապետը։

Վարչապետ Սարգսյանը կառավարության նիստում նաեւ հայտարարեց, թե գործադիրը շուրջ 12 միլիարդ դոլար է հատկացրել հիպոթեքային վարկավորման համար՝ պահանջարկը խթանելու նպատակով։

«Եթե մենք հիպոթեքային շուկայի զարգացմանը նպաստում ենք 12 մլրդով, բնականաբար, պետք է լինեն նաեւ բնակարաններ, որոնք մեր քաղաքացիները կարողանան ձեռք բերել։ Եվ այս տրամադրված գումարն էլ իրականում չնչին է եւ չի համապատասխանում այն քննադատության փաստարկներին, թե դրանով մենք փոշիացնում ենք մեր վարկային միջոցները, որ ստացել ենք Ռուսաստանի Դաշնությունից», - ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG