Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանում ՀՀԿ-ի խմբակցության ղեկավարը պնդում է, թե հակասություններ չունեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ


Մայրաքաղաքի ավագանում իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար Դերենիկ Դումանյանը, անդրադառնալով ավագանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ մանդատները վայր դնելու մասին հայտարարությանը, պնդեց, թե ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ հակասություններ չկան:

«Ես Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարն եմ եւ որեւէ անգամ չեմ լսել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը որեւէ խնդրում տարաձայնություն ունենա կոնկրետ մեր խմբակցության հետ», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը հայտատարեց Դումանյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչպես է բացատրում ավագանում «Բարգավաճ Հայաստան»-ի խմբակցության ղեկավարի ասածը, թե՝ առաջիկայում կլինի հայտարարություն իրենց մանդատները վայր դնելու վերաբերյալ, Դումանյանը արձագանքեց. - «Ես չեմ կարծում, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ունի այնքան հիմնավոր պատճառներ, որ կարող է մանդատները վայր դնել, որովհետեւ գոնե մեր խմբակցությունը դրա առիթը չի տվել: Քաղաքապետը նման առիթ չի տվել: Գոնե ես այդքան եմ տեղեկացված»:

«Ես կարծում եմ, այդ մանդատները մեզ տվել է Երեւանի բնակիչը, եւ մենք պետք է Երեւանի բնակչի համար աշխատենք: Մեր քմահաճույքով չէ՝ մենք մանդատ վայր կդնենք, թե վայր չենք դնի», - հավելեց նա: - «Ես կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստան»-ը մեզ հետ կոալիցիոն գործընկեր է, եւ մինչեւ մյուս խորհրդարանական ընտրություններ կմնանք կոալիցիոն գործընկերներ»:

Մայրաքաղաքի ավագանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում,, այդուհանդերձ, պնդեց, թե «հակասությունները շատ են», եւ դրա «պատճառն այն է, որ [ՀՀԿ-ի խմբակցության կողմից] փորձ է արվում միանձնյա ղեկավարել ավագանին»:

Վարդանյանի խոսքով, իրենց բազմաթիվ նախաձեռնություններ, առարկություններ «ուղղակի անտեսվում են»: Նա ասաց, որ եթե «նման աշխատաոճը շարունակվի, եթե «Բարգավաճ Հայաստան»-ի առաջարկները չընդունվեն», ապա իրենք, անկասկած, վայր կդնեն մանդատները եւ «այլեւս չեն կիսի պատասխանատվությունը ՀՀԿ-ի հետ»:

«Եթե պետք է թույլ չտալ, եթե պետք է փորձել աշխատել «քաղաքական մեծամասնություն ենք, ինչ ուզենք՝ կանենք» քաղաքական ոչ ճիշտ պայքարի ձեւով, մենք, բնականաբար, չենք աշխատի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG