Մատչելիության հղումներ

Ստոկհոլմում մեկնարկում է Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանում է Ստոկհոլմ, 17 նոյեմբերի, 2009
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանում է Ստոկհոլմ, 17 նոյեմբերի, 2009
Չորեքշաբթի օրը Ստոկհոլմում մեկնարկում է Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովը, որից կողմերը լուրջ ակնկալիքներ չունեն:

Եվրամիության շվեդական նախագահության ամիսները աչքի ընկան երկկողմ հարաբերությունների որոշակի սառեցմամբ: Պատճառը Շվեդիայի իշխանությունների ցուցաբերած խիստ քննադատական վերաբերմունքն է պաշտոնական Մոսկվայի` ԱՊՀ-ի տարածքում որդեգրած քաղաքականությանը: 2008 թվականի ամռանը` ռուս - վրացական պատերազմից հետո, Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը պաշտոնական Մոսկվայի քաղաքականությունը նույնիսկ համեմատել էր նացիստական Գերմանիայի գործելաոճի հետ:

Ռուս - շվեդական հարաբերություններում առկա ճգնաժամն էր պատճառը, որ պաշտոնական Մոսկվան արեց հնարավորը, որպեսզի գագաթնաժողովը Շվեդիայի տարածքում չանցկացվի: Իսկ երբ դա չհաջողվեց, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, թե Ստոկհոլմ է մեկնում բացառապես դիվանագիտական նպատակահարմարությունից ելնելով: Ռուսական կողմը նաեւ հայտարարում է, թե լուրջ քաղաքական խնդիրները նոյեմբերի 18-ի հավաքի ընթացքում հպանցիկ են քննարկվելու:

«Ստոկհոլմում Ռուսաստանը մտադիր է կենտրոնանալ երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ հեռանկարի խնդիրների, նախ եւ առաջ` ազատ վիզային ռեժիմի հաստատման, ճգնաժամերի համատեղ հաղթահարման եւ էներգետիկ համագործակցության ամրապնդման վրա», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

Եվրամիության ներկայացուցիչները հույս ունեին, որ գագաթնաժողովի օրակարգային հարցերի թվում կլինեն նաեւ տարաձայնությունները, որոնք առկա են պաշտոնական Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության կոնկրետ դետալների շուրջ: Շվեդիայի արտգործնախարարը, սակայն, կասկածներ ունի, որ այս թեման այլեւս Ռուսաստանի համար առաջնահերթությունների ցանկում չէ: «Դժվարություններից մեկը, որին մենք բախվում ենք Ռուսաստանի հետ հարաբերություններում, Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցն է: Ու թեեւ իր վերջին ճառում Դմիտրի Մեդվեդեւը մի շարք հետաքրքիր մտքեր արտահայտեց, այնուհանդերձ, ես պարզապես ապշեցի, որ ԱՀԿ-ին անդամակցության թեման նրա ելույթում անգամ չհիշատակվեց», - նշել է Կարլ Բիլդտը:

Ռուսաստանցի դիվանագետները կարողացել են բանակցությունների այնպիսի օրակարգ կազմել, որում վրաց - ռուսական հարաբերությունների թեման առանձին կետով նշված չէ. այս հարցը ընդգրկվել է քննարկումների «Տարածաշրջանային հակամարտություններ» գլխում` Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի խնդիրների հետ մեկտեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG