Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը հակադարձում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչած քննադատությանը


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Կոնգրեսի հասցեին օրերս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության կողմից հնչեցված հայտարարություններին, եւ վերահաստատել է Կոնգրեսի դիրքորոշումը՝ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության հնարավորության մասին։

«Որսորդի բառապաշար է»


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվեց մեկնաբանել ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նոյեմբերի 16-ի հայտարարությանը՝ ասելով, թե այն «որսկանի» հայտարարություն է, որը իրենք քաղաքականության մեջ չեն հասկանում։

Ռոբերտ Քոչարյանը վերոհիշյալ հայտարարությամբ էր հանդես եկել՝ արձագանքելով հայ-թուրքական հաշտեցման եւ ղարաբաղյան կարգավորման հարցերում Քոչարյանի վարչախմբի գործած սխալների մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մեղադրանքներին՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվի անցած շաբաթ տեղի ունեցած ժողովում։

Տեր-Պետրոսյանի մեղադրանքները «աբսուրդային» կոչելով, Քոչարյանը հրաժարվել էր դրանք մեկնաբանել, կարծիք հայտնելով, որ ինքը «ոգեշնչում է Տեր-Պետրոսյանին», քանի որ վերջինս գրեթե բոլոր ելույթներում հիշատակում է իր անունը։ Ռոբերտ Քոչարյանը հավելել էր, թե ընդդիմության առաջնորդի պահվածքը հիշեցնում է Աֆրիկայում որսի ժամանակ հանդիպած մի եվրոպացու, ով աֆրիկյան բոլոր խոշոր կենդանիներից ավելի վտանգավոր էր համարում տարիներ առաջ իրեն վնասվածքներ պատճառած արջին։

Լրագրողների հետ հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, մասնավորապես, ասաց. - «Ցավոք սրտի արված հայտարարությունը դա որսկանի հայտարարություն է, որսորդի բառապաշար է, որը քաղաքականության մեջ մենք չենք հասկանում, քանի որ սաֆարիներում չենք մասնակցում»։

«Կարելի է ցավել, որ այդ մարդը «կլիզմայի» մակարդակից չբարձրացավ», - նաեւ ասաց Զուրաբյանը՝ ակնարկելով տարիներ առաջ տեղի ունեցած մի դրվագ, երբ Քոչարյանը հրապարակային ելույթում օգտագործել էր այդ բառը՝ արժանանալով ընդդիմության քննադատությանը։

Լեւոն Զուրաբյանը հավելեց, թե Տեր-Պետրոսյանը կոնկրետ մեղադրանքներ էր հնչեցրել Ռոբերտ Քոչարյանի հասցեին, եւ ուղղակի պետք էր դրանց անդրադառնալ, եթե ասելու բան կար։


«Պերճախոս բացահայտում»


Տեր-Պետրոսյանի ելույթին կիրակի օրը Փարիզում տեղի ունեցած հավաքում անդրադարձել էր նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Նա, մասնավորապես, նշել էր, թե Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀՇ-ին հանձնվելու առաջարկ է արել, եւ հույս էր հայտնել, որ երկրի ղեկավարը «երես չի թեքի թիմակիցներից»։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով Դաշնակցության այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Հրանտ Մարգարյանը վերջին ամիսներին ընդդիմադիր կեցվածք որդեգրած ՀՅԴ-ին համարում է Սերժ Սարգսյանի թիմակից։

«Շատ պերճախոս բացահայտում է։ Ես ողջունում եմ, որ Դաշնակցությունը նման պերճախոս բացահայտումներ է անում», - ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ-ը կրկին չի բացառում Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ընդհանուր առմամբ, ժխտում է վերջին շրջանում քաղաքական տարբեր շրջանակներից, այդ թվում՝ ՀԱԿ-ին մաս կազմող ուժերի կողմից հնչող տեսակետները, թե Կոնգրեսի ակտիվի ժողովում բարձրաձայնած ելույթում Տեր-Պետրոսյանը գործարք է առաջարկել Սերժ Սարգսյանին։

Քաղաքական տարբեր քննարկումների առիթ դարձած այդ ելույթում Տեր-Պետրոսյանը նախագահ Սերժ Սարգսյանին կոչ էր արել հրաժարվել «օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով» հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում անհարկի զիջումներից, փոխարենը առաջարկելով՝ «ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից»։

Այդուհանդերձ, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Լեւոն Զուրաբյանը երեքշաբթի չբացառեց Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի համագործակցության հնարավորությունը։

«Բայց ինչպե՞ս կարելի է բացառել, եթե Սերժ Սարգսյանը ցանկանա քայլեր անել ժողովրդին ընդառաջ, քաղբանտարկյալներին բաց թողնի, վերականգնի «Ա1պլյուսը», պատժի մարտի 1-ի մեղավորներին, վերականգնի ժողովրդավարական ազատությունները երկրում, քանդի այս ապօրինի մենաշնորհային համակարգը, ո՞նց կարելի է չհամագործակցել։ Տեր-Պետրոսյանը եւ ամբողջ ընդդիմությունը միայն պատրաստ կլինի օգնել», - ասաց Լեւոն Զուրաբյանը։

ՀԱԿ-ի համակարգողի փոխանցմամբ, սակայն, դա չի նշանակում, որ Կոնգրեսը դադարեցնելու է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը գնա իրենց մատնանշած՝ ժողովրդավարություն հաստատելու ճանապարհով, միեւնույնն է, իրենք չեն կարող ընդունել նրա լեգիտիմությունը, քանի որ նախագահական ընտրությունները կեղծվել են։

Զուրաբյանը հակասություն չի տեսնում իրենց մոտեցումներում. Կոնգրեսը շարունակելու է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ՝ «կոնկրետ հարցերում, ժողովրդին ընդառաջ հարցերում», օգություն առաջարկել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG