Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ


Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը Սիրիա կատարած պաշտոնական-հովվապետական այցի շրջանակներում երեկ հանդիպել է երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Բաշար ալ-Ասադը առանձնահատուկ կարեւորել է Սիրիայի հայ համայնքի դերն ու նշանակությունը եւ հայության գործադրած ջանքերը երկրի տնտեսության ու հասարակական կյանքի զարգացման գործում:

Վեհափառը բարձր է գնահատել Սիրիայի քաղաքական ղեկավարության եւ, մասնավորապես, նախագահ Ասադի կեցվածքը ազգային կրոնական փոքրամասնությունների նկատմամբ՝ նշելով, որ Սիրիան որպես երկիր եւ պետություն կարող է կրոնական հանդուրժողականության եւ հասարակական համերաշխության օրինակ ծառայել:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, հատուկ անդրադարձ է կատարվել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը, Բաշար ալ-Ասադի կարծիքով, դրական կանդրադառնա ողջ տարածաշրջանի անվտանգության, համագործակցության եւ խաղաղ գոյակցության վրա:

Նույն օրը Գարեգին երկրորդը հանդիպել է Սիրիայի վարչապետ Մուհամադ Նաջի Օտրիի հետ, նախագահել Դամասկոսի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում մատուցված Հայրապետական պատարագին եւ մասնակցել Դամասկոսի «Կասր ան-Նուբալա» սրահում իր պատվին կազմակերպված ընդունելությանը:

Այսօր առավոտյան Վեհափառը ավարտել է այցը Սիրիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG