Մատչելիության հղումներ

Հմայակ Հովհաննիսյանը անընդունելի է համարում Վլադիմիր Կոստանյանի առաջարկը


Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին անցկացվելիք Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրված թեկնածու, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը անլուրջ եւ անընդունելի է համարում նույն ընտրատարածքում առաջադրված մեկ այլ թեկնածու, դերասան Վլադիմիր Կոստանյանի` մրցակիցներին ուղղած ինքնաբացարկի առաջարկը:

Կոստանյանը անցած շաբաթավերջին հանդես է եկել հայտարարությամբ` տվյալ ընտրատարածքում առաջադրված մյուս թեկնածուներին առաջարկելով ինքնաբացարկ հայտնել, «որպեսզի հավելյալ հնարավորություն ստեղծվի [«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, ներկայումս անազատության մեջ գտնվող] Նիկոլ Փաշինյանի` 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար, որպեսզի որեւէ մեկը չասի, թե մենք ընտրություներին մեր մասնակցությամբ մասնակցում ենք Նիկոլի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարին»: «Սրանով մենք նաեւ ցույց կտանք, որ մեզանից որեւէ մեկն իշխանական պրոյեկտ չի, կեղծ ձեւով չի ներկայանում ժողովրդին», - ասված է Կոստանյանի հայտարարությունում:

Հմայակ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր դիրքորոշումը այսպես հիմնավորեց. - «Ես լուրջ չեմ տեսնում պարոն Կոստանյանի հայտարարությունները, որովհետեւ մարդը մեկ օրվա ընթացքում 180 աստիճանով փոխվում է` նախորդ օրը հրավիրում է մամուլի ասուլիս, հայտարարում է, որ Հմայակ Հովհաննիսյանը սպառնում է երկրի կայունությանը, սպառնում է խախտել խորհրդարանական ճահճի անդորրը, մինչդեռ ինքը երկրպագում է այսօրվա իշխանություններին, այդ իշխանությունների ջերմեռանդ երկրպագուն է, հայցում է այդ իշխանությունների աջակցությունը, որ Հմայակ Հովհաննիսյանը թունդ, «քյարթու» ընդդիմադիր է, որի ճանապարհը պետք է փակել խորհրդարան, Ազգային ժողով: Հաջորդ օրը, 180 աստիճանով փոխելով դիրքորոշումը, իր գնահատականները, հայտարարում է ճիշտ հակառակի մասին, որ իբր թե ինքը ամենեւին էլ իշխանական թեկնածուն չէ, եւ ամենահետաքրքիրը այն է, որ այդ հայտարարությունը տարածում է ձեզ հայտնի Առաջադիմական կուսակցությունը, որը հայտնի է որպես իշխանամետ»:

Հովհաննիսյանը, իր հերթին, սեփական հորդորն է ուղղում թիվ 10-ի մնացյալ թեկնածուներին, որն առնչվում է Փաշինյանին Հայաստանում մշտական բնակության տեղեկանք չտրամադրելու հարցով առաջիկայում կայանալիք դատավարությանը. - «Ես նրանց հորդորում եմ, որպեսզի նրանք դատական նիստի նախօրյակին իրենց դիրքորոշումը արտահայտեն հրապարակայնորեն` պահանջելով, ինչպես ես եմ դա արել, հարգելու Նիկոլ Փաշինյանի իրավունքները»:

«Իսկ ապրիորի ասել, որ դատարանը կկարողանա մերժել այդ արդարացի հայցը եւ քննարկել այլ տարբերակներ, ես չեմ ցանկանում այս պահին: Երբ պահը կգա` ես ինքս դրա մասին կարտահայտվեմ», - վստահեցրեց Հմայակ Հովհաննիսյանը, ով ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել ընտրապայքարի ցանկացած փուլում հանել իր թեկնածությունը հօգուտ Փաշինյանի:

Բացի Փաշինյանից, Հովհաննիսյանից եւ Կոստանյանից, թիվ 10 ընտրատարածքում առաջադրվել են նաեւ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը:

Վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք ոստիկանությունը մերժել է տրամադրել նաեւ Էդուարդ Մադաթյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG