Մատչելիության հղումներ

Թուրքիայի կառավարությունը հաստատակամ է քրդաբնակ շրջաններում բարեփոխումների հարցում


Ռեջեփ Էրդողան
Ռեջեփ Էրդողան
Չնայած ընդդիմության խիստ քննադատությանը՝ Թուրքիայի կառավարությունը հաստատակամ է քրդաբնակ շրջաններում ծրագրված բարեփոխումները իրականացնելու հարցում: Այդ մասին կիրակի օրը Մալաթիայում հայտարարել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ ընդգծել, որ նախաձեռնության մանրամասները հասարակությանը ներկայացնելու համար կառավարությունը մտադիր է մինչեւ հաջորդ տարվա գարուն երկրով մեկ քննարկումներ, հանդիպումներ եւ գագաթնաժողովներ անցկացնել։

Քրդերի դեմ երկարամյա պատերազմից հետո, այժմ պաշտոնական Անկարան ծրագրում է ավելի ազատական դարձնել Սահմանադրությունը, վերացնել քրդերենի օգտագործման բոլոր սահմանափակումները, ինչպես նաեւ ստեղծել անկախ մարմին՝ «անվտանգության ուժերի կողմից իրականացված բռնությունները հետաքննելու եւ խտրականության դեմ պայքարելու համար»։ Ինչպես նախորդ շաբաթ ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարարը, բարեփոխումների կարգախոսն է՝ «ավելի շատ ազատություն բոլորի համար»։

«Մենք արդեն սկսել ենք մեր ճանապարհը եւ երբեք ետ չենք կանգնի դրանից», - հայտարարել է վարչապետ Էրդողանը եւ ընդգծել. - «Թուրքիան ահաբեկչության դեմ 25 տարի շարունակված պայքարի վրա 300 միլիարդ դոլար է ծախսել, գումար, որ կարող էր տրամադրվել երկրի զարգացման եւ բարգավաճման համար»։

«Ընդդիմության փաստարկները, թե իբր այդ բարեփոխումներով իշխանությունները չափից դւորս մեծ զիջումներ են անում քրդերին եւ վտանգի տակ դնում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, սուտ են եւ անհիմն», - հայտարարել է Էրդողանը։

«Մեզ քննադատողների մեջ մարդիկ կան, որոնք օգուտներ են քաղում արյունալի մարտերից եւ դրանք ծառայեցնում իրենց քաղաքական շահերին, մինչդեռ մենք մեր վստահությունը ստանում ենք ժողովրդից եւ մտադիր ենք շարունակել այս քաղաքականությունը», - ասել է Թուրքիայի վարչապետը եւ հավելել. - «Ուզում եմ հստակ լինի՝ մենք պատրաստ ենք զոհել անգամ մեր պաշտոնններն ու տիտղոսները հանուն այն մեկ կաթիլ արյան, որ կարող են կորցնել մեր զինվորները»։

Չնայած կառավարության այս պարզաբանումներին, հասարակության աջակցությունը բարեփոխական ծրագրին գնալով նվազում է. համենայն դեպս, այդ է փաստում տեղական MetroPOLL հետազոտական կենտրոնի անցկացրած վերջին ուսումնասիրությունը։

Վիճակագրության համաձայն,կառավարության նախաձեռնությունը պաշտպանում է հարցվածների միայն 35 տոկոսը, մինչդեռ 51 տոկոսը դեմ է արտահայտվում։ Ընդ որում, օգոստոսին անցկացված հետազոտության արդյունքների համեմատ, ընդդիմախոսների թիվը հասարակության շրջանում նոյեմբերին ավելացել է շուրջ 8 տոկոսով: Նրանց մեծ մասը՝ շուրջ 60 տոկոսը, համոզված են, որ այս ծրագիրը վտանգում է Թուրքիայի ամբողջականությունը, 30 տոկոսն էլ մտավախություն ունի, թե այն կհարվածի ազգային միասնությանն ու ներդաշնակությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG