Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը կարծում է, թե Տեր-Պետրոսյանը «գործարք է առաջարկել» իշխանություններին


ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հրապարակած ելույթում «հստակ գործարք է առաջարկել Հայաստանի իշխանություններին» եւ, մասնավորապես ,Սերժ Սարգսյանին՝ խոստանալով այլեւս չբարձրացնել նրա լեգիտիմության հարցը:

Այդ գործարքի արդյունքում, ըստ Մանոյանի, Տեր-Պետրոսյանը լուծում է նաեւ մինչեւ հաջորդ ընտրությունների «իրենց գոյություն ունենալու խնդիրը»:

Մանոյանը պատահական չի համարում նաեւ, որ այս «գործարքը» Տեր-Պետրոսյանը իշխանություններին առաջարկել է ոչ թե հանրահավաքում, այլ ակտիվի ժողովում, քանի որ «հասկանում է, որ հասարակությունը այնքան էլ դրական չի ընդունելու այդ առաջարկը»:

«Ինքը իշխանություններին առաջարկում է գործարք՝ ճիշտ այնպես, ինչպես այդ կաթողիկոսի պատմությունը պատմել է: Որ կարող ենք մենք էլ, ի վերջո, այնպես անել, որ խնդրո առարկա չդարձնենք իշխանության լեգիտիմության կամ նախագահի ընտրված-չըտրված լինելու հարցը՝ ինչ-որ բանի փոխարեն: Եվ ինքը այդ քայլին գնում է, կարծում եմ, երկու պատճառով. մեկը՝ որովհետեւ Հայաստան - Թուրքիա պարտվողական քաղաքականության կողմնակից է ինքը, մյուս կողմից՝ ընդունելով, որ ինքը որպես ընդդիմադիր ուժ այլեւս անելիք չունի», - փաստարկեց Կիրո Մանոյանը: - «Իրենք [ՀԱԿ-ը] գոյություն ունեին որպես արմատական ընդդիմություն: Հիմա որպես արմատական ընդդիմություն էլ անելիք չունեն: Ուզում են ինչ-որ ձեւ գտնեն, որպեսզի գոյություն ունենան»:

Մանոյանը նաեւ պատահական չի համարում, որ «ողջ ելույթում Տեր-Պետրոսյանը քննադատում է հենց Դաշնակցությանը», ինչը, ըստ Մանոյանի, ակնհայտ է դարձնում Տեր-Պետրոսյանի խանդի կամ նախանձի զգացումը, որ իրենք [ՀԱԿ-ը] այլեւս ընդդիմության մենաշնորհը չունեն. - «Իր բոլոր ասածները ցույց են տալիս, որ իրենք ոչ միայն մենաշնորհը կորցրել են, նաեւ՝ առաջնորդ չեն այլեւս ընդդիմության»:

Անդրադառնալով կոնկրետ Դաշնակցության հասցեին հնչած քննադատությանը, Մանոյանը հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը «ուղղակի աղավաղել է» հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իրենց մոտեցումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG