Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պատրաստ է «հանուն մեծ գաղափարի» համագործակցել Սերժ Սարգսյանի հետ


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պատրաստ է «հանուն մեծ գաղափարի» համագործակցության ձեռք մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 11-ի ելույթը, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը։ ԼՐԱՑՎԱԾ

Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 11-ի իր ընդարձակ ելույթի վերջում նախագահ Սերժ Սարգսյանին կոչ արեց հրաժարվել «օտարներից լեգիտիմություն ստանալու նպատակով» հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում անհարկի զիջումներից եւ «այդչափ նվաստանալու փոխարեն, ցանկալի այդ լեգիտիմությունը խնդրել սեփական ժողովրդից»։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Վահագն Խաչատրյանը հաստատեց, որ Տեր-Պետրոսյանի այս խոսքն առաջարկ էր՝ ուղղված Սերժ Սարգսյանին եւ ավելացրեց. - «Հանուն մեծ գաղափարի, մենք պատրաստ ենք նաեւ [համագործակցության]։ Կարող ենք դրա մասին խոսել։ Իմիջիայլոց, այդ համագործակցութան հրավերքի մասին խոսակցությունը միշտ է եղել։ Մարտի 1-ից առաջ էլ է եղել, մարտի 1-ին էլ է եղել, դրանից հետո էլ է եղել։ Մեզ համար համագործակցության սկիզբը եղել է մեկ հարց։ Մենք ունեցել ենք մի քանիսը, վերջը թողել ենք մեկը՝ քաղբանտարկյալներ»։

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի մեկնաբանությամբ, եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները վավերացվեն, ապա հետեւանքների համար պատասխան ենք տալու բոլորս, ոչ թե միայն իշխանությունները։

«Մենք բոլորս սրա պատասխանատուն ենք դառնալու», - ասաց Խաչատրյանը՝ շարունակելով. - «Այն մարդիկ, ովքեր կոչված են պաշտպանել Սերժ Սարգսյանին, չեն պաշտպանում, ավելի խայտառակ են անում»:

ՀԱԿ-ին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին, թե Կոնգրեսի կազմում կան այնպիսի քաղաքական գործիչներ կամ ուժեր, որոնց համար ընդունելի չէին կան մասամբ էին ընդունելի Տեր-Պետրոսյանի տեսակետները, արձագանքեց. - «Առաջին նախագահը ուղղակիորեն Հայ ազգային կոնգրեսի մոտեցումը Ղարաբաղյան հիմնահարցի լուծման հետ կապված պարզ ներկայացրեց ու դրեց իր ելույթում: Այս առումով, իհարկե, Կոնգրեսում կան կուսակցություններ, որոնք նաեւ ավելի ռադիկալ դիրքերից են խոսում, եւ այս առումով այդ կուսակցությունները որոշակի դժգոհություն ունեն»:

Հարցին, թե որոնք են այդ կուսակցությունները, Սարգսյանը պատասխանեց. - «Դժգոհություններ հայտնողները իրենք իրենց դժգոհությունների մասին կասեն»:

Հարցին, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերջին պարբերությունը՝ Եղիազար Այնթապցու վերաբերյալ, նշանակում է, թե Կոնգրեսը պատրաստ է ինչ-որ հարցերում զիջումների գնալ եւ համագործակցել իշխանությունների հետ՝ հանուն մեծ գաղափարի, Սարգսյանը պատասխանեց. - «Խորհուրդը միանշանակ լավն է՝ ուրիշներից մուրալու փոխարեն սեփական ժողովրդիդ խնդրիր»:

ՀԱԿ-ի առաջնորդի ելույթի այդ հատվածը հետեւյալն է. - «XVII դարում Թուրքիայում կար մի փառամոլ եւ իշխանատենչ հոգեւորական, Եղիազար Այնթապցի անունով, որը կաշառքի ու խարդավանքների միջոցով հաջողացրել էր հռչակվել թրքահայության կաթողիկոս, ահավոր վտանգի տակ դնելով Հայոց եկեղեցու եւ հայ ժողովրդի միասնությունը։ Այնժամ Էջմիածնի միաբանները ժողով են գումարում, եւ դիմելով նրան ասում. «Եղբայր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձիր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկեղեցին»։ Եղիազարը համաձայնում է, տասը տարի (1681–1691 թթ.) հանգիստ գահակալում Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, եւ այդպիսով կանխվում է Հայոց եկեղեցուն սպառնացող աղետը։ Հայ ժողովրդի ողջ պատմության մեջ ազգային մտածողության ավելի լայնախոհ ու իմաստուն դրսեւորում, քան էջմիածնական միաբանների այս որոշումն է, ինձ հայտնի չէ։ Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանին թվում, թե հայ ժողովուրդն ընդունակ չէ, հանուն ազգային նպատակների, եւս մեկ անգամ նման լայնախոհություն եւ իմաստնություն դրսեւորելու»։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը համաձայնեց դիտարկմանը, թե դա կարելի է ընկալել որպես համագործակցության առաջարկ. - «Հայ ազգային կոնգրեսը դա չի թաքցրել եւ դա արել է դեռ նախընտրական շրջանից... Բազմաթիվ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանը ասել է՝ «բաց թողեք քաղբանտարկյալներին, որից հետո պարտարստ ենք երկրի առջեւ ծառացած խնդիրները միասին քննարկելու, փորձելու լուծումներ գտնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG