Մատչելիության հղումներ

«Չորրորդ իշխանություն» թերթը արգելվեց, լույս տեսավ «Չորրորդ ինքնիշխանությունը»


«Չորրորդ իշխանության» նոյեմբերի 10-ի համարը լույս չի տեսել։ Երկուշաբթի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցներն այցելել են «Չորրորդ իշխանություն» օրաթերթի խմբագրություն եւ ներկայացրել որոշում, որով, թերթի փոխխմբագիր Արմեն Բաղդասարյանի փոխանցմամբ՝ «թերթի տպագրումը պետք է արգելվի՝ առաջին կետով, երկրորդ կետով՝ արգելվում է «Չորրորդ իշխանության» տպագրումը բոլոր այլ տպարաններին»։

Շուրջ մեկ ամիս առաջ «Գինդ» տպարանը դատական հայց էր ներկայացրել «Օգոստոս» գործակալության դեմ, որն այն ժամանակ տպագրում էր «Չորրորդ իշխանություն» թերթը։ Դատական գործընթացը դեռ չի ավարտվել։

Արմեն Բաղդասարյանը կատարվածը «անհեթեթություն» է համարում. - «Ինչ կապ ունի սրա հետ «Չորրորդ իշխանություն» թերթը, եթե «Գինդ» տպարանը «Օգոստոս» գործակալության հետ վեճ ունի։ «Չորրորդ իշխանություն»-ը ընդհանրապես իրավաբանական անձ չէ։ Եվ հետո՝ դատը ընթացքի մեջ է, դեռ հայտնի չէ ո՞վ կհաղթի։ Այդ պայմաններում նրանք բերել են մի բացարձակապես անհեթեթ որոշում»։

«Չորրորդ իշխանություն» թերթը այժմ հրատարակվում է այլ ընկերության՝ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի կողմից եւ անմիջական առնչություն չունի «Գինդ - Օգոստոս» դատական վեճի հետ։

Ըստ թերթի փոխխմբագրի, սկզբում դատական հայցին խմբագրությունում վերաբերվել են որպես տնտեսական վեճի։ Երբ թերթը սկսել է հրապարակվել «Կողմնակի անձանց Մ» ընկերության կողմից, համարել են, որ հարցը դրանով պետք է փակվեր։ Դատարանը, սակայն, միջնորդություն է ներկայացրել այդ ընկերությանը, որպես երրորդ կողմ ներգրավել դատական գործընթացի մեջ, սակայն «Կողմնակի անձանց Մ» ընկերությունը հրաժարվել է մասնակցել դատավեճին՝ հայտարարելով, որ որեւէ առնչություն չունի «Գինդ-Օգոստոս» վեճի հետ։ Ի պատասխան, դատարանը որոշել է արգելել «Կողմնակի անձանց Մ» ընկերությանը եւ «ընդհանրապես բոլոր մյուս կազմակերպություններին» տպագրել «Չորրորդ իշխանություն» թերթ։

«Առանձնապես հակված չէինք քաղաքական ենթատեքստ տեսնել, որովհետեւ՝ դե կարող են լինել տպարան-թերթ՝ այդպիսի վեճեր։ Բայց երբ դատարանի այսպիսի որոշումներ եղան, դա մեզ, երեւի, հիմքեր է տալիս պնդելու, որ սա քաղաքական խնդիր է լուծում եւ նպատակ ունի դադարեցնել «Չորրորդ իշխանություն» թերթի տպագրումը», - ասում է Արմեն Բաղդասարյանը։

«Ընդ որում, ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է սա արվում նման անհեթեթ ձեւով», - տարակուսում է «Չորրորդ իշխանության» փոխխմբագիրը, - «Որովհետեւ, ենթադրենք այս թերթը արգելվեց։ Սա էլ հո հեռուստաընկերություն չէ՞, կապուղիների խնդիր չկա, սահմանափակ չեն այդ կապուղիները։ Կարող ենք, ասենք, ուրիշ անունով թերթ տպել։ Ի՞նչ խնդիր պիտի լուծի դա»։

Նոյեմբերի 10-ին լույս է տեսել «Կողմնակի անձանց Մ» ընկերության կողմից հրատարակվող «Չորորրդ ինքնիշխանություն» թերթի անդրանիկ համարը՝ 5200 օրինակ տպաքանակով։
XS
SM
MD
LG