Մատչելիության հղումներ

Ավարտվում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հունգարիա


Այսօր ավարտվում է Հունգարիայի նախագահ Լասլո Շոյոմի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ մեկնարկած պետական այցը Հունգարիա։ Անկախացումից ի վեր սա Հայաստանի Հանրապետության նախագահի մակարդակով առաջին պետական այցն է այդ երկիր:

Հայաստանի նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, պետական այցի շրջանակում ստորագրվել են արդարադատության եւ գյուղատնտեսության նախարարությունների միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ տնտեսության ոլորտում համագործակցության եւ հարկային ոլորտին առնչվող միջկառավարական համաձայնագրեր, համաձայնություն է ձեռք բերվել Բուդապեշտում հայ-հունգարական գործարար համաժողովի բացման շուրջ։

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի իր գործընկերոջը Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանության գործում հունգարական արդարադատության ցուցաբերած «աներկբա եւ արդարացի» կեցվածքի համար: Հայաստանի նախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել Հունգարիայի իշխանություններին` հունգարահայ համայնքի հանդեպ տարվող բարձր գնահատանքի արժանի քաղաքականության համար, նշելով, որ հունգարահայ մեր հայրենակիցները բարեկամության հուսալի կամուրջ են երկու ժողովուրդների միջեւ:

Բանակցությունների ընթացքում Սերժ Սարգսյանը Լասլո Շոյոմին տեղեկացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացների ներկա փուլի մասին:

«Մենք ցանկանում ենք առկա խնդիրները լուծել առանց նախապայմանների, խաղաղ ճանապարհով եւ հարաբերություններ հաստատել մեր հարեւանների հետ` առկա ռեսուրսներն ուղղելով մեր տարածաշրջանի կայուն ու խաղաղ զարգացմանը: Համարում եմ, որ միայն համագործակցությամբ է հնարավոր տարածաշրջանում ապահովել զարգացում, տեւական խաղաղություն եւ կայունություն»,- ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահ Սարգսյանը Բուդապեշտից կարճատեւ այցով մեկնում է Ռուսաստան՝ Կալինինգրադ, մարզի նահանգապետ Գերոգի Բոսի հրավերով։

Վաղը Հայաստանի նախագահը մասնակցելու է Կալինինգրադի հայկական մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG