Մատչելիության հղումներ

Կայսերիում վերաբացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին


Թուրքիայի Կայսերի նահանգում 12-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Lուսավորիչ հայկական եկեղեցու` երեկ կայացած օծման արարողությանը մի քանի հարյուր մարդ էր ներկա։

Տեղի հայերի պնդմամբ, երբեմնի հայաշատ Կեսարիայում այսօր գործող միակ հայկական եկեղեցու հիմնանորոգումն իրականցվել է բացառապես Թուրքիայի հայության միջոցներով։ Այս մասին հայտարարեց նաեւ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

Նրա ելույթը նաեւ որոշակի քաղաքական ենթատեքստ էր պարունակում։ Թուրքական որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ Արամ սրբազանի նման պահվածքի պատճառը «Հյուրիեթ»-ի կիրակնօրյա համարում տեղ գտած հրապարկումն էր, որում պնդում կար, թե իբր Կայսերիի հայկական եկեղեցին վերանորոգվել է թուրքական կառավարության տրամադրած միջոցներով։

«Լրագրողներն այս խնդիրը փորձում են կապել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավման գործընթացին։ Իրականում եկեղեցու վերանորոգումն իրականացվել է համայնքի միջոցներով։ Ավելին` չնայած լրատվամիջոցների պնդումներին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին երբեք չի դադարել գործել», - նշել է Պոլսի պատրիարքի տեղապահը` հստակեցնելով, թե ինչու է Թուրքիայի հայությունը հրաժարվել պետական օժանդակության գաղափարից. - «Մենք չենք դիմել կառավարութանը ֆինանսական օգնության խնդրանքով, որովհետեւ մտավախություն ունեինք, որ վերանորոգումից հետո եկեղեցին կարող են թանգարանի վերածել, ինչպես դա եղավ Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու դեպքում»:

Նա նաեւ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ է արել չներքաշվել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման շուրջ ընթացող գործընթացներին. - «Երբ խոսում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին, Թուրքիայում բնակվող հայերին պետք է այդ խնդրից անջատ դիտարկեն։ Մենք ընդհանրապես չենք ցանանում են ներգրավվել այդ գործըթնացում, քանի որ մեզ այս երկրի զավակն ենք համարում։ Դուք` Ստամբուլի հայերդ, պետք է շարունակեք հավատարիմ մնալ թուրքական պետությանը»:

Կայսերիի եկեղեցու վերաբացումը լայնորեն լուսաբանվել է թուրքական լրատվամիջոցների կողմից։ Այդուհանդերձ, որեւէ բարձրաստիճան թուրք պաշտոնյա եկեղեցու օծման արարողությանը ներկա չի եղել, թեեւ հայ համայնքը ուղարկել էր պաշտոնական հրավերներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG