Մատչելիության հղումներ

Հայաստանում «խոզի գրիպի» կասկածելի 3 դեպք է հայտնաբերվել


Հայաստանում H1N1 վիրուսով վարակի կասկածելի 3 դեպք է հայտնաբերվել։ Լաբորատոր փորձարկման համար անհրաժեշտ նմուշները երկուշաբթի կուղարկվի Լոնդոնի լաբորատորիա` հաստատելու կամ հերքելու վարակի առկայությունը Հայաստանում: ԼՐԱՑՎԱԾ

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի առողջապահության նախարարի օգնական, «Խոզի գրիպի» դեմ պայքարի օպերատիվ հանձնաժողովի անդամ Շուշան Հունանյանը տեղեկացրեց. - «3-ինն էլ ուղարկվել է Լոնդոն: Ուրեմն 3 դեպ ք է: 2-ը հայ են՝ Էջմիածնի քաղաքացիներ են: Բայց մենք պաշտոնապես չենք կարող հայտարարել այդ դեպքի մասին, քանի դեռ Լոնդոնի լաբորատորիան պատասխանը չի տվել»:

Էջնիածնի նշված 2 բնակիչները «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել Մոսկվայից, երրորդը անձը իրանցի է, Երեւան է ժամանել Դնեպրոպետրովսկից (Ուկրաինա):

Երկու հայերը բուժում են ստանում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, երրորդը հիվանդը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը, արդեն լիովին առողջ է:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը այսօր հրավիրել էր արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են պատվաստանյութի ձեռք բերման, հիվանդանոցների պատրաստվածության եւ այլ հարցեր:

«Խուճապի մատնվելու կարիք չկա», - նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շուշան Հունանյանը: - «Երկիրը այս պահին պատրաստ է, անընդհատ միջոցառումները շարունակվում են, որպեսզի ե'ւ դեղորայքի առումով, ե'ւ պատվաստանյութի ձեռք բերման առումով խնդիրներ չլինեն: Բանակցում ենք ե'ւ միջազգային կազմակերպությունների, ե'ւ պատվաստանյութ արտադրող կազմակերպությունների ու նրանց ներկայացուցիչների հետ»:

«Դեռեւս 2009 թվականի ապրիլից ձեռնարկված բոլոր միջոցառումները կրում են շարունակական բնույթ, ավելին` ավելի խստացված ռեժիմով», - իր հերթին հավաստիացնում է Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG