Մատչելիության հղումներ

Հայաստանում «խոսքի ազատությանը սպառնալիք չկա»


ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպմանը: 6-ը նոյեմբերի, 2009 թ.
ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը լրագրողների հետ հանդիպմանը: 6-ը նոյեմբերի, 2009 թ.

Հայաստանի նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե <Հայաստանում խոսքի ազատությանը սպառնալիք չկա>։

Սաղաթելյանը հավելեց, թե այն իրավիճակը, որ «այսօր առկա է Հայաստանում խոսքի ազատության հետ կապված, սպառնալիք չէ Հանրապետության տեղեկատվական անվտանգությանը»։

Դիտարկմանը, որ շատերն այն կարծիքի են, որ Հայաստանում, մասնավորապես, էլեկտրոնային լրատվամիջոցներում կա խոսքի ազատության սահմանափակում, եւ քիչ չեն դեպքերը, երբ մեր երկրում ոտնահարվում են լրագրողների իրավունքները, եւ հարցին, թե ո՞րն է իր ղեկավարած կենտրոնի դիրքորոշումը այս հարցերի առնչությամբ եւ այս առումով ի՞նչ առաջարկություններ են իրենք ներկայացնում Հանրապետության նախագահի աշխատակազմին, Սաղաթելյանը արձագանքեց. - «Եթե ստեղծվի մի իրավիճակ, որտեղ մենք, շփվելով լրագրողների հետ, տեսնենք, որ ակնհայտորեն չեն ապահովվում իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ակնհայտ է, որ մենք կտեղեկացնենք մեր վերադասին»:

«Եթե մենք՝ որպես լրագրողների կորպորացիա, չենք ձեւավորում հանրային կարծիք, որը կարող է ճնշել որեւէ չինովնիկի, ուրեմն մենք լրատվամիջոցներ չենք», - հավելեց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Քաղաքական տեխնոլոգիաների եւ PR մասնագետ Արմեն Բադալյանն ասաց, թե այն վիճակը, որն առկա է խոսքի ազատության առումով Հայաստանում, ուղղակի սպառնալիք է Հանրապետության տեղեկատվական անվտանգությանը։

«Հեռուստատեսությամբ եթե դու փակում ես այդ խոսքի ազատությունը, բնական է, որ դու սպառնում ես արդեն պետության ոչ միայն տեղեկատվական անվտանգությանը, այլ բուն պետության այլ բնագավառներին էլ է դա վտանգ ներկայացնում», - ասաց Բադալյանը:

Ասուլիսի ընթացքում Արա Սաղաթելյանը հիշեցրեց իր գլխավորած կենտրոնի գործունեության հիմնական նպատակը` Հայաստանի եւ հայության շահերի տեղեկատվական սպասարկումը։ Նշեց, որ ներկայում ստեղծված է միջգերատեսչական հատուկ մարմին, որը պետք է կյանքի կոչի նախագահ Սարգսյանի կարգադրությամբ այս տարվա հուլիսի 25-ին ուժի մեջ մտած Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթները, որոնք Արա Սաղաթելյանը բաժանեց երկու մասի` տեղեկատվական-տեխնիկական եւ տեղեկատվական-հոգեբանական։

Հարցին, թե այժմ ինչ վիճակում է Հայաստանի պետական մարմինների կայքէջերի անվտանգության ապահովման գործը, որոնք, ինչպես գիտեք, անցած ամռանը հերթական հարձակմանն էին ենթարկվել ենթադրաբար ադրբեջաբնական հաքերների կողմից, Արա Սաղաթելյանը արձագանքեց. - «Այսօր մենք ունենք տեխնիկական համակարգ, որը ներդրված է եւ ապահովում է մեր պետական կայքէջերի անվտանգությունը: Եթե մենք վերջին երկու ամսվա ընթացքում չենք խոսում նրա մասին, որ կոտրել են այս կամ այն գերատեսչության կայքէջը, դա չի նշանակում, որ չի եղել հարձակում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության տեղեկատվական քաղաքականությանը, ապա Արա Սաղաթելյանն ասաց, որ ներկայում մշակվում է գործողությունների հատուկ ծրագիր, որի հիման վրա պաշտոնական Երեւանը պետք է իրականացնի արտերկրում իր տեղեկատվական կամպանիաները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG