Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն խրախուսում է հայ - թուրքական գործընթացը


Ռոբերտ Սիմոնսի ասուլիսը, Երեւան, 6 նոյեմբերի, 2009
Ռոբերտ Սիմոնսի ասուլիսը, Երեւան, 6 նոյեմբերի, 2009

Հաջորդ տարվա սկզբին Հայաստանը մոտ 30 զինծառայող կուղարկի Աֆղանստան։ Այս մասին ուրբաթ օրը Երեւանում հայտարարեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը՝ երախտագիտություն հայտնելով Հայաստանին Կոսովոյում, իսկ այժմ նաեւ Աֆղանստանում Դաշինքի խաղաղարար առաքելություններին աջակցելու համար։

ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ Ռոբերտ Սիմոնսը հայտնեց, որ Հայաստանի իշխանությունների հետ, ի շարս այլ հարցերի, քննարկել է նաեւ հայ - թուրքական հարաբերությունների հարցը` ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն միանգամայն բավարարված է երկու երկրների հարաբերությունների կարգավորման հեռանկարով:

«ՆԱՏՕ-ն խրախուսում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացը եւ հույս ունի, որ հայ - թուրքական համաձայնությունները կյանքի կկոչվեն», - հայտարարեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ ներկայացուցիչը։

Այդուհանդերձ, Սիմոնսը նշեց, որ չնայած Դաշինքը խրախուսում է գործընթացը` այն վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերություններին, հետեւաբար` ՆԱՏՕ-ն չի կարող միջամտել դրան եւ սատարել կողմերից որեւէ մեկին:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցին` Ռոբերտ Սիմոնսը վերահաստատեց ՆԱՏՕ-ի հայտնի դիրքորոշումը, ըստ որի` Ղարաբաղյան բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում, եւ Հյուսիսատլանտյան դաշինքը չի միջամտում այդ գործընթացին: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ եղած բազմաթիվ հանդիպումները նախադրյալներ կստեղծեն Ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելու եւ վերջնական լուծման հասնելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` որքանո՞վ կարող են արդյունավետ լինել Հայաստանի ջանքերը` համատեղելու համագործակցությունը, մի կողմից, ՆԱՏՕ-ի, մյուս կողմից` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ, Սիմոնսը պատասխանեց, թե ՆԱՏՕ-ն իր եւ ՀԱՊԿ-ի հարաբերությունները Հայաստանի հետ չի դիտարկում իբրեւ մրցակցային:

«Մենք հավատում ենք, որ դուք կարող եք լավ հարաբերություններ զարգացնել միաժամանակ ե'ւ ՆԱՏՕ-ի, ե'ւ Ռուսաստանի, մասնավորապես` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ», - ասաց նա` հավելելով. - «Կարեւոր եմ համարում ընդգծել, որ Հայաստանի իրավունքն է գործակցել յուրաքանչյուր կազմակերպության հետ, որից Երեւանը օգտակար համագործակցության ակնկալիք ունի, եւ մենք աջակցում ենք դրան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG