Մատչելիության հղումներ

Բրիտանացի փորձագետները գործատուներին խորհուրդ են տալիս ուշադիր լինել իրենց աշխատակիցների նկատմամբ


Բրիտանական առողջապահության համակարգի (NHS) փորձագետները խորհուրդ են տալիս գործատուներին` առավել ուշադիր գտնվել եւ պայքարել իրենց աշխատակիցների մոտ ի հայտ եկող սթրեսի դեմ:

Բժիշկների գնահատմամբ` աշխատանքային սթրեսի հետեւանքով առաջացած հիվանդությունների հետեւանքով ամեն տարի Մեծ Բրիտանիայում ծախսվում է 28 միլիարդ ֆունտ ստեռլինգ (42 միլիարդ դոլար), ինչը ամբողջ երկրով մեկ հիվանդանոցային ծախսերի համար վճարվող գումարների քառորդ մասն է:

Նման մեծ կորուստների միակ պատճառը փորձագետները համարել են «վատ ղեկավարներին, ովքեր արժանի ուշադրություն չեն դարձնում իրենց աշխատակիցներին», այնինչ կատարած լավ աշխատանքի մասին մի քանի բառը, առավել ճկուն աշխատանքային գրաֆիկն ու իբրեւ խրախուսում աշխատողին տրվելիք մի քանի ազատ օրերը կարող են երկրում մեկ երրորդով կրճատել առողջապահությանը տրամադրվող ծախսերը:

Ինչպես փաստում է բժիշկների վերջին հետազոտությունը, սթրեսի, դեպրեսիայի եւ անհանգստության պատճառով Մեծ Բրիտանիայում ամեն տարի աշխատած 13 միլիոն օր անարդյունավետ է եւ զուր կորչում է:

Իրենց այս ուսումնասիրությունը գործատուների համար առավել հավաստի դարձնելու նպատակով փորձագետները մի ինքնատիպ «հաշվիչ» են հորինել, որը շատ պարզ ցուցադրում է, թե որքան կարելի է խնայել աշխատակիցներին` մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնելու դեպքում:

Այդ մեթոդով կատարված հաշվարկի համաձայն, օրինակ, 1000-հոգանոց աշխատակազմով ընկերությունը տարեկան 380 հազար դոլար կարող է խնայել:

Հոգեբանության պրոֆեսոր Քերի Քուփերը,անդրադառնալով այս ուսումնասիրությանը, BBC-ի հետ զրույցում նկատել է. - «Եթե գործդ լավ չանես, մենեջերը անպայման քեզ կասի այդ մասին, բայց, ամենայն հավանականությամբ, ձայն չի հանի, երբ դու առաջադրանքը փայլուն կատարես»:

Հոգեբանության պրոֆեսորի խոսքերով` չի կարելի թերագնահատել խրախուսական բառերի արժեքը, բայց ղեկավարները հիմնականում մոռանում են այդ մասին:

Կառավարման եւ զարգացման ինստիտուտի անցկացրած ուսումնասիրության համաձայն էլ` Մեծ Բրիտանիայում աշխատողների քառորդ մասը իր հոգեվիճակը միջին, իսկ առավել հաճախ` անբավարար է գնահատել: Ու չնայած դրան` մարդիկ շարունակում են գնալ աշխատանքի, նկատել են մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG