Մատչելիության հղումներ

Թեհրանում ընդդիմության ակցիան ավարտվեց ձերբակալություններով


Թեհրանում ԱՄՆ-ի նախկին դեսպանության շենքի մոտ հակաամերիկյան ցույցի մասնակիցները այրում են ԱՄՆ-ի դրոշը, 4 նոյեմբերի, 2009
Թեհրանում ԱՄՆ-ի նախկին դեսպանության շենքի մոտ հակաամերիկյան ցույցի մասնակիցները այրում են ԱՄՆ-ի դրոշը, 4 նոյեմբերի, 2009

Թեհրանում ընդդիմության բողոքի ակցիան չորեքշաբթի օրը ձերբակալություններով է ավարտվել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանը փոխանցել են ընդդիմության ակցիայի մասնակիցները, ձերբակալվածները մի քանիսն են:

«Հատուկ ծառայությունների ներկայացուցիչները չեն թույլատրում մարդկանց առաջ շարժվել», - «Ազատություն» ռադիոկայանին ակցիայի ժամանակ հեռախոսով պատմում էր իրանցի մի կին: - «Այստեղ զինվորականներն են շատ, ես հիմա մոտ 50 հոգու տեսնում եմ, նրանք մոտոցիկլետներով են»:

Իրանական ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիի կողմնակիցները չորեքշաբթի օրը կրկին բողոքում էին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հռչակված վերընտրման դեմ` «Մահ բռնակալին», «Աստված մեծ է» կարգախոսներով:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայությանը փոխանցել է ակցիայի մասնակիցներից մեկը, ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանությունը նաեւ մահակներ, արցունքաբեր գազ է օգտագործել, ոստիկանները ակցիան ցրելու ժամանակ նաեւ կրակոցներ են արձակել օդ:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Թեհրանում ԱՄՆ-ի նախկին դեսպանության շենքի մոտ ընդդիմադիրներին միացել է նաեւ ընդդիմության առաջնորդներից Մեհդի Քարուբին:

Իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդը դեռ երկուշաբթի էր հայտարարել, թե թույլ չի տա ընդդիմադիրներին` «ոտնձգություն կատարել Իսլամական հեղափոխության պատմության այդ հիշարժան օրվա վրա»:

Իրանում նոյեմբերի 4-ին նշում են ամերիկյան դեսպանության շենքի գրավման 30-րդ տարեդարձը: Այդ առիթով Թեհրանում անցկացվող միջոցառումներին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում: Ամերիկյան դիվանագիտական առաքելության նախկին շենքի մոտ բազմահազարանոց հակաամերիկյան ցույց է անցկացվել:

30 տարի առաջ իրանցի ուսանողները գրավեցին Միացյալ Նահանգների դեսպանատունը` ի պատասխան ամերիկյան կողմի մերժմանը` Իրանին հանձնել իշխանությունից հեռացված շահին: 52 ամերիկացիներ 444 օր մնացին գերության մեջ:

Ընդդիմությունը բողոքի հերթական ակցիան կազմակերպել էր` օգտագործելով օրվա առիթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG