Մատչելիության հղումներ

Լրացավ Բարաք Օբամայի ընտրության առաջին տարին


Բարաք Օբաման իր ընտանիքի հետ նշում է իր հաղթանակը ընտրություններում, ԱՄՆ, Չիկագո, 4 նոյեմբերի, 2008
Բարաք Օբաման իր ընտանիքի հետ նշում է իր հաղթանակը ընտրություններում, ԱՄՆ, Չիկագո, 4 նոյեմբերի, 2008

Ճիշտ մեկ տարի առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները ավարտվեցին դեմոկրատների թեկնածու Բարաք Օբամայի տպավորիչ հաղթանակով. նրա օգտին քվեարկել էր ընտրողների շուրջ 53 տոկոսը, հանրապետական Ջոն ՄըքՔեյնին սատարել էր ընտրողների 46 տոկոսը։ Ի պաշտոնե բուն ընտրությունը կատարող այսպես կոչված Ընտրական կոլեգիայում Օբաման վաստակեց 365 ձայն, ՄըքՔեյնը` 173։

Երբ դա ակնհայտ դարձավ եւ վետերան-հանրապետականն ընդունեց իր պարտությունն ու շնորհավորեց երիտասարդ մրցակցին, Բարաք Օբաման դիմեց հազարավոր աջակիցներին։

«Այս օրը ձեր պատասխանն է նրանց, ովքեր դեռ փորձում են կասկածի տակ առնել մեր դեմոկրատիայի հզորությունը», - ասաց Օբաման, ով 2009-ի հունվարի 20-ին դարձավ Միացյալ Նահանգների պատմության ընթացքում առաջին սեւամորթ նախագահը։

Ինչպե՞ս են ամերիկացիները գնահատում նրա գործունեությունը։ Առավել մանրամասն վերլուծություններ կլինեն գալիք տարվա հունվարին, երբ լրանում է պաշտոնավարման առաջին տարեդարձը, բայց արդեն այսօր վերլուծաբանները փորձում են ամփոփել նախագահի կատարած աշխատանքը։

CBS News հեռուստակայանի մեկնաբան Մարկ Նոլերի համոզմամբ` «անցած 12 ամիսների ընթացքում Օբաման նախ եւ առաջ համոզվել է, որ նախագահ լինելը ավելի դժվար է նախագահի թեկնածու լինելու համեմատությամբ»։

«Ընտրություններից հետո ժամանակն ահավոր արագ է սլանում, կարծես մրրիկ է, հավատալս չի գալիս, որ մի ամբողջ տարի է անցել։ Մի բան հաստատ է` նա երբեւէ չի մտացել, որ նախագահի աշխատանքը հեշտ բան է», - ասել է Օբամայի մամլո խոսնակ Ռոբերտ Գիբսը։

Ի՞նչն է հաջողվել, ի՞նչը` ոչ. ահա հաշվեկշիռը` ըստ վերլուծաբան Ջոն Հյուզի.

Տնտեսությունն աշխուժանալու նշաններ է ցույց տալիս, սակայն գործազրկության ցուցանիշը Սպիտակ տան կանխատեսած 7 տոկոսի փոխարեն 10 տոկոսի է հասել։ Գուանտանամոյի բանտը փակելու խոստումը դժվար թե ի կատար ածվի մինչեւ տարեվերջ։ Աֆղանստանում կպահանջվեն նոր զինվորներ` նախագահի համար չափազանց անցանկալի իրողություն։
Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ հարաբերություններում` անորոշ վիճակ։

Fox News հեռուստակայանի մեկնաբան Խուան Ուիլյամսի կարծիքով` շատ խորհրդանշական է Բարաք Օբամային Նոբելյան մրցանակ շնորհելու որոշման բանաձեւը. նա այդ պատվին արժանացավ ոչ թե ժողովուրդների համագործակցության ասպարեզում ապահոված արդյունքի, այլ գործադրած ջանքերի համար։

Ամերիկացի մեկնաբանների կարծիքով` խնդիրները մնում են, բայց կա դրանք լուծելու ձգտում, ինչը ինքնին հույս է ներշնչում. մեկ տարի առաջ Բարաք Օբաման հույսի եւ գալիք նոր ժամանակաշրջանի խորհրդանիշ էր, այդպիսին էլ հիմա է մնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG