Մատչելիության հղումներ

Չեխիան վավերացրեց Լիսաբոնի համաձայնագիրը


Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը երեքշաբթի օրը վավերացրել է Լիսաբոնի համաձայնագիրն այն բանից հետո, երբ նույն օրը ավելի վաղ Սահմանադրական դատարանը վճռել է, որ համաձայնագիրը չի հակասում երկրի մայր օրենքին, ինչի մասին հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկին:

Նախագահ Վացլավ Կլաուսը, ով միջազգային քաղաքական շրջանակներում ունի այսպես կոչված «եվրահոռետեսի» համարում, այլեւս պարտավորված էր իր ստորագրությամբ վավերացնել երկրի խորհրդարանի հավանությանն արժանացած համաձայնագիրը։

Չեխիայում Լիսաբոնի համաձայնագրի վավերացման ոդիսականը տեւեց գրեթե երկու տարի։

Կլաուսն ի սկզբանե դեմ էր համաձայնագրին: Նա պնդում է, որ Եվրամիության տարածքում առանց բացառության բոլոր երկրների վրա նույն օրենքների տարածումը վտանգում է առանձին երկրների ազգային շահերը։ Չեխիայի նախագահը մի քանի առիթներով հրապարակավ ասել է, թե «Լիսաբոնի համաձայնագիրը մեռելածին փաստաթուղթ է»։

Կլաուսը հուսով էր, որ Իռլանդիայի բնակիչները հանրաքվեով երկրորդ անգամ այն կմերժեն, սակայն իռլանդացիներն ընդունել են համաձայնագիրը։ Ամբողջ Եվրամիությունում այն չվավերացրած միակ երկիրը Չեխիան էր մնացել։

Պաշտոնական Պրահային, մասնավորապես, անհանգստացնում է Երկրորդ աշխարհամարտի ավարտին նախկին Չեխոսլովակիայի տարածքից վտարված հարյուր հազարավոր այսպես կոչված «սուդեթյան գերմանացիների» խնդիրը։

Այդ մարդկանց ժառանգների մեծ մասը պատերազմից հետո հաստատվել են Գերմանիայում, նրանք ունեն ազդեցիկ հայրենակցական միություններ ու քաղաքական կառույցներ եւ պահանջում են հատուցել վտարման հասցրած բարոյական ու նյութական վնասները, վերականգնել սեփականության իրավունքը Չեխիայում, Սլովակիայում եւ Լեհաստանում թողած անշարժ գույքի նկատմամբ։

Կլաուսի առարկությունները եվրոպական առաջատար երկրների ղեկավարների վրդովմունքն էին հարուցել: Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները, մասնավորապես, ասել էր, որ «Կլաուսը խոչընդոտներ է ստեղծում»։

Ի վերջո, սակայն, Վացլավ Կլաուսի համառությունը արդյունք է տվել` Եվրամիությունը համաձայնել է Չեխիայի համար բացառություն անել հիմնարար իրավունքների խնդրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG