Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը այցելում է Մոսկվա


Ռուսաստանի ԱԳՆ-ի շենքը
Ռուսաստանի ԱԳՆ-ի շենքը

Երկուշաբթի օրը Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Դեյվիդ Միլիբենդը:

Վերջին հինգ տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի մակարդակով այցելություն չէր կատարվել Ռուսաստան: Պաշտոնական Լոնդոնի եւ Մոսկվայի հարաբերությունները սառել էին Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունից հետո, ինչպես նաեւ ռուս - վրացական պատերազմի պատճառով:

Երեք տարի առաջ Լոնդոնում ռադիոակտիվ նյութի միջոցով սպանվեց Ռուսաստանի հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն, ով խստորեն քննադատում էր Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինին:

Բրիտանիայի ոստիկանությունը, հետաքննելով այս սպանությունը, պահանջում էր իրեն հանձնել անվտանգության նախկին աշխատակից Անդրեյ Լուգովոյին: Նա կասկածվում էր Լիտվինենկոյին ռադիոակտիվ նյութով թունավորելու մեջ: Պաշտոնական Մոսկվան հերքում էր մեղադրանքը: Լուգովոյին պահանջելու հարցից Լոնդոնը չի հրաժարվել:

Լիտվինենկոն մահացել է 2006 թվականի նոյեմբերի 2-ին: Նրա այրին` Մարինա Լիտվինենկոն քննադատել է Միլիբենդին, ասելով, թե Ռուսաստան այցելելու ժամանակի ընտրությունը «ավելի ցավալի է դարձնում վերքը»:

Արտգործնախարարին է դիմել նաեւ Պուտինի նախագահության ժամանակ Ռուսաստանում բանտարկված մեծահարուստ Միխայիլ Խոդորկովսկու մայրը: Observer-ի հարցազրույցում 74-ամյա Մարինա Խոդորկովսկայան ասել է, թե կարեւոր է, որ Կրեմլի հետ երկխոսության կենտրոնում Մեծ Բրիտանիան դնի մարդու իրավունքների հարցերը:

Վրաստանին վերաբերող խնդիրների կապակցությամբ, մինչեւ այցը Միլիբենդը ասել է, թե Վրաստանի եւ Ուկրաինայի ինտեգրումը Հյուսիսատլանտյան դաշինքին չի սպառնում Ռուսաստանի շահերին:

Newsweek-ին տված հարցազրույցում նա ասել է, թե ՆԱՏՕ-ի դուռը բաց է ցանկացած երկրի համար, որը համապատասխանում է հիմնարար չափանիշներին: Նա հիշեցրել է ՆԱՏՕ-ի որոշումը` օգնելու Վրաստանին եւ Ուկրաինային զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումների գործում:

Միլիբենդը նաեւ ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան չի աջակցում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը:

Սա Միլիբենդի առաջին այցելությունն է Ռուսաստան: Այցելությունից առաջ նա ասել է, թե Մոսկվա է մեկնում` վերաբեռնելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես Միացյալ Նահանգները: Իսկ իր բլոգում նա գրել է. - «Միշտ չէ, որ մենք դեմ-դիմաց հանդիպում ենք Ռուսաստանի հետ, բայց կան որոշ ընդհանուր մարտահրավերներ, ու կարեւոր է, որ մենք դրանց դեմ միասին աշխատենք»:

Financial Times-ի հարցազրույցում Միլիբենդը հույս է հայտնել, որ Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները հաջող կլինեն: Օրակարգում Աֆղանստանի, Իրանի, Մերձավոր Արեւելքի խնդիրներն են:

Միաժամանակ, նա նշել է, որ չի ակնկալում, թե իր այս այցելության ընթացքում կլուծվեն երկկողմ հարաբերությունների առանցքային խնդիրները:

Անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե ակնկալում է, որ Դեյվիդ Միլիբենդի այցելությունը կբարելավի պաշտոնական Մոսկվայի ու Լոնդոնի կապերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG