Մատչելիության հղումներ

Ժակ Շիրակի գործը ուղարկվել է դատարան


Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի նկատմամբ հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան:

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների հրապարակած հաղորդագրությունների` Ֆրանսիայի նախկին նախագահը մեղադրվում է հանրային միջոցները չարաշահելու, 1983-1995 թվականներին որպես Փարիզի քաղաքապետ պաշտոնավարման ընթացքում կեղծ աշխատատեղեր ստեղծելու մեջ:

Իրականում այդ աշխատանքները Փարիզի քաղաքապետարանում չեն կատարվել, իսկ, այսպես կոչված, «մեռած հոգիների» անունով դուրս գրված աշխատավարձերն ուղարկվել են Շիրակի նախկին կուսակցության գանձարան:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, թե դատարանում կապացուցի, որ դրանք ոչ թե կեղծ, այլ օրինական աշխատատեղեր էին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ընդհանուր առմամբ 43 կեղծ աշխատատեղերի համար 4,5 միլիոն եվրո գումար է դուրս գրվել:

1995-2007 թվականներին երկիրը ղեկավարած Ժակ Շիրակը Ֆրանսիայի առաջին նախագահն է, որ կանգնելու է դատարանի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG