«Մենք բաց կհայտարարենք, որ մենք իրականացնում ենք նման կառույց, եւ ովքեր ցանկանում են այդտեղ ներդրումներ ունենալ, ապագա մեր ատոմային բլոկում բաժնետեր լինել, կհրավիրենք, որպեսզի իրենց մասնակցությունը ունենան», - ասաց նա՝ հավելելով, որ մրցույթին մասնակցելու պատրաստակամության արդեն հայտնել է Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիան, որը հանդիսանում է Հայաստանի գործող ատոմակայանի կառավարիչը:
«Ռոսատոմ»-ի նախագահ Սերգեյ Կիրիենկոն օրերս Հայաստանում էր, եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել էին նաեւ նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր:
«Կիրիենկոն իր պատրաստակամությունը հայտնեց նոր էներգաբլոկի հետ կապված իրենց մասնակցությունը ունենալուն», - ասաց Արմեն Մովսիսյանը: - «Երբ պատրաստ կլինեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, երբ այս ամեն ինչը կհայտարարենք, պատրաստ կլինի նոր ատոմային բլոկի կոնֆիգուրացիան, դրանից հետո արդեն կսկսվի այդ գործընթացը»:
Նոր էներգաբլոկի կառուցման արժեքին վերաբերող հարցին Մովսիսյանը պատասխանեց. - «Վերջնական արժեքը պարզ կլինի, երբ որ կունենանք արդեն նախագծման աշխատանքները»:
Կառուցվելիք էներգաբլոկը ավելի հզոր կլինի, քան գործողը՝ 1000-1200 մեգավատտ հզորությամբ:
«Մեր ունեցածը այսօր 400 մեգավատտ է», - հիշեցրեց նախարարը: