Մատչելիության հղումներ

Ֆրանսիական Space խումբը Երեւանում կնվագի Ջիվան Գասպարյանի հետ


Հայաստանում է ֆրանսիական հանրահայտ Space խումբը, որը կատարում է էլեկտրոնային երաժշտություն` սինթի-փոփ ժանրում: Այս խմբի հիմնական երաժշտական գործիքը սինթեզատորն է, առաջին 3 ձայնասկավառակները` “Magic Fly”-ը, “Deliverance”-ը եւ “Just Blue”-ն, դարձել են «ոսկե» ու միայն Եվրոպայում վաճառվել են 10 միլիոն օրինակով: Հոկտեմբերի 30-ի երեկոյան մարզահամերգային համալիրի բեմում Space-ը կներկայանա հայ հանդիսատեսին:

80-ականներին ձայնագրած «Տիեզերական օպերա» սիմֆոնիկ ստեղծագործությունը Space խումբը ուղարկել է Միր տիեզերական կայան։ Անծայր տիեզերքը խմբի հիմնադիր ֆրանսիացի Դիդյե Մարուանիի տարերքն է, դրանով ոգեշնչված է ստեղծագործում։ Մոտ երկու ամսից լույս կտեսնի խմբի նոր ձայնասկավառակը, կրկին տիեզերքի թեմայով է` «Երկրից Մարս»։ Մի քանի ստեղծագործություններ էլ նվիրել են ռուս տիեզերագնացներին։

30-ամյա Space խումբը Հայաստանում առաջին անգամ է։ Թեև Դիդյե Մարուանին գիտեր մեր երկրի մասին. «Հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունները իրական են։ Ես հանրահայտ ֆրանսահայերի եմ ճանաչում` Շառլ Ազնավուր, Անրի Վեռնո։ 21 տարի առաջ` 88-ին, ինձ զանգահարեց միսյո Ազնավուրը եւ առաջարկեց մասնակցել «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնագրությանը։ Ես հպարտ եմ, որ աշխարհահռչակ այլ ֆրանսիացիների հետ ես էլ կարողացա իմ փոքրիկ օգնությունն ունենալ այդ կարեւոր գործում», - ասաց երաժիշտը։

Երեւանյան համերգի ժամանակ կհնչեն հին ու նոր գործեր, երաժիշտները նվագելու են նաեւ Ջիվան Գասպարյանի հետ։ Space-ի` տիեզերքի թեմայով երաժշտությունը մարզահամերգայինում հատուկ լազերային շոուով է ուղեկցվելու։
XS
SM
MD
LG