Մատչելիության հղումներ

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց պաշտպանության ոլորտին վերաբերող նախագծերի փաթեթը


Ազգային ժողովը չորեքշաբթի օրը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության առաջարկած «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող նախագիծը:

«Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» օրենքի նախագծով նախատեսում է հաշվառել հիմնարկներին, կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին եւ շարքային քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցները: Նպատակը զորահավաքային նախապատրաստության շրջանակներում խաղաղ եւ ռազմական դրության ժամանակ պաշտպանության ապահովումն է: Պարզ ասած՝ անհրաժեշտության դեպքում այդ մեքենաները գրանցման կամ հաշվառման վայրի տարածքային զինկոմիսարիատների ծանուցագրերի հիման վրա կարող են հավաքագրվել։

Ընդ որում, նախագծի 7-րդ կետով նախատեսվում է խաղաղ պայմաններում վարժական հավաքների, զորախաղերի դեպքում օգտագործել հիմնարկների, կազմակերպությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների տրանսպորտային միջոցները, իսկ անհատ ձեռնարկատերերի եւ շարքային քաղաքացիների մեքենաները կհավաքագրվեն միայն պատերազմական իրավիճակներում:

«Քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցների տակ պետք է հասկանալ ռազմական իրավիճակում, երբ մեծ հզորություն ունեցող տրանսպորտային միջոցների կարիքը կառաջանա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: - «Նաեւ՝ պետություն փոխհատուցում կտա այն ֆիզիկական անձանց, որոնց, օրինակ, «Համմեր»-ները օգտագործվել են այս կամ այն իրավիճակում»:

Օրինագծի քննարկման ժամանակ միակ ելույթը անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանինն էր, ով պետական մարմիններին խորհուրդ էր տալիս գոնե խաղաղ պայմաններում բանակն ապահովել սեփական տրանսպորտային միջոցներով, այլ ոչ թե, օրինակ, զորավարժությունների ժամանակ հույսը դնել այլ հիմնարկների վրա: Նման գործելաոճը Դալլաքյանը որակեց «մուրացկանություն»:

«Փող չունեք, օլիգարխներին բերեք հարկային դաշտ», - հայտարարեց նա՝ հավելելով. - «Եթե Դեմիրճյան փողոցի շրջակայքում դուք նիստերի օրը գաք, նայեք, ապա համապատասխան ջիպերը եւ համմերները կարող են բավարարել նաեւ չինական բանակին»:

Առաջին ընթերցմամբ ընդունված փաթեթի մյուս մասը վերաբերում էր «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն: Ամենաուշագրավը 15-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունն է. եթե նախկին օրենքում զորահավաքի ժամանակ զորակոչից տարկետում տրվում էր նաեւ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի քաղաքացիներին, ապա, ըստ այս նախագծի, տարկետում տրվելու է պատերազմի ժամանակ զինծառայության համար ոչ պիտանիներին:

«Ստացվում է այնպես, որ պատերազմի ժամանակ այս մարդիկ կարող են տարկետման հնարավորություն ստանալ, իսկ խաղաղ ժամանակ այդ հնարավորությունից նրանք կզրկվեն», - պարզաբանեց Դալլաքյանը:

Իսկ կրկին առաջին ընթերցմամբ ընդունված «Զինապարտության մասին», «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագիծը համայնքի ղեկավարին պարտավորեցնում է «աջակցել զորակոչին եւ ուսունմավարժանքներին»։

Զորակոչին աջակցելու պարտավորություն, ըստ առաջարկվող նախագծի, դրվում է նաեւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների՝ դեսպանատների հյուպատոսությունների վրա: Այսինքն՝ նրանք պետք է կարողանան կազմակերպել զինծառայությունից խուսափողների վերադարձը Հայաստան։ Դա, ինչպես հավաստիացրեց Հրայր Կարապետյանը, արտերկրում զինծառայության տարիքի երիտասարդներին հետապնդել չի ենթադրում. - «Ցավոք սրտի, մեր արտաքին գերատեսչության կառույցները շատ պասսիվ կամ գրեթե մասնակցություն չեն ունեցել: Օրենքով սահմանվում է, որ սրանից հետո նրանք ակտիվորեն խթանեն զորակոչիկների վերադարձը Հայաստան: Հայտնաբերեն, դաստիարակչական աշխատանք տանեն, իրազեկեն մարդկանց»:

Մինչդեռ Վիկտոր Դալլաքյանը սա համարում է կոռուպցիոն ռիսկեր պարունակող ձեւակերպում. - «Ես կարող եմ ձեզ հակառակ հարցը տալ՝ իսկ եթե նրանք չեն աջակցում, դա ի՞նչ հետեւանքներ է ունենում: Ի՞նչ հիմքով եւ ինչպե՞ս պետք է աջակցեն Հայաստանի պետությանը զինապարտության հիմնախնդիրները լուծելու հարցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG