Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 28-ի մամուլ


Ազգային ժողովի տարածքում տեղադրված «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակը հավերժացնող Երվանդ Քոչարի հեղինակած արձանի կապակցությամբ «Առավոտ»-ի խմբագիրը նկատում է. - «Ինձ թվում է՝ արժեր մտածել մի այնպիսի գործի մասին, որը կստեղծվեր ժամանակակից ճարտարապետի կողմից՝ մի մարդու, որը մեզ հետ վերապրել է «Հոկտեմբերի 27-ը» եւ իր ստեղծագործության մեջ կներդներ նաեւ մեր բոլորիս ապրումները: Իսկ տաղանդավոր քանդակագործների պակաս Հայաստանում, փառք Աստծո, չկա»:

Նույն տարելիցի առնչությամբ «Հրապարակ»-ի խմբագրականը նշում է. - «Զոհերի հարազատներն էլ ճար չունեն՝ որքան էլ ատեն ու չուզենան հանդիպել իշխանավորներին, ստիպված են այդ օրը նրանց կողքին կանգնել, նրանց կազմակերպած միջոցառումներին մասնակցել: Բայց երեկվա արարողությունների ժամանակ ուշագրավ վիճակ է ստեղծվել՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը եւ Վարդան Այվազյանը, ժամանելով պանթեոն, չեն բարեւել ՀՀ առաջին նախագահին, իսկ Աժ բակում՝ հուշարձանի բացման արարողության ժամանակ, Սերժ Սարգսյանն ու իր շքախումբը չեն ողջունել զոհվածների հարազատներին: Ուղղակի խայտառակություն: Այլ որակում տալ հնարավոր չէ տալ»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Ընդամենը 3-4 օր առաջ Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր ու Ռուսաստանի հայ մեծահարուստներին համոզում էր, որ փող տան Շուշիի զարգացման համար: Հուզիչ ելույթ ունեցավ, ինչ-որ անկախ պատմական էքսկուրսներ արեց, բայց այդպես էլ չբացատրեց, թե ինչո՞ւ են այս տարի որոշել հատկապես Շուշին զարգացնել: Ստեփանակերտից Շուշի ընդամենը 8 կիլոմետր է՝ ճիշտ այնքան, որքան, ասենք, Երեւանի կենտրոնից՝ Զեյթուն: Բա ի՞նչ էիք մտածում, որ 10 տարի շարունակ Ստեփանակերտում էլիտար շինարարություն էիք անում»:

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Ռաֆիկ Պետրոսյանը մատնանշում է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում եղած թերությունները: Զեկույցի՝ դատարաններին առնչվող հատվածի կապակցությամբ Պետրոսյանն ասում է. - «Նա ոչ մի գործով չի դիմել վարչական դատարան` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունն ստուգելու պահանջով։ Մինչդեռ հանրապետության օրենքներին հակասող դրույթներ շատ կան, որոնք եւ նպաստում են դատավարական խախտումներին։ Սա պաշտպանի ավանդական բացթողումներից է։ Դատարանի օբյեկտիվության վրա հույս չդնելը վերածվել է կայուն սովորույթի։ Դարձյալ պետք է նշեմ, որ պաշտպանի ամենամեծ սխալն այն է, որ նա զեկույցն ընդգրկող ժամանակաշրջանում կարծել է, թե որքան տեղին ու անտեղի քննադատի պետությանը, պետական համակարգն ու ստորաբաժանումները, այնքան լավ։ Մինչդեռ նա ոչ թե պետք է ձգտի ամեն կերպ հեղինակազրկել պետությունն ու իշխանությունը, այլ ամենախիստ կերպով պետք է քննադատի կոնկրետ պաշտոնատար անձանց, ովքեր խախտում են սահմանադրությունն ու օրենքները։ Այս տեսակետից անընդունելի են ամփոփման մեջ նրա արած կտրուկ դատողությունները»։

Օմբուդսմենի զեկույցին է անդրադարձել նաեւ «Հայկական ժամանակ»-ի խմբագիրը - «Թե ինչ է գրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Ազգային ժողովում նախօրեին լսված իր զեկույցում՝ լիովին անէական է դառնում խորհրդարանում նրա արտասանած երկու նախադասություն-մեկնաբանությունների ֆոնին: Օմբուդսմենը բառացիորեն հայտարարեց. «Այն, ինչ անում է իշխանությունը, միշտ չէ, որ լավ է պետության համար, եւ այն, ինչ անում է ընդդիմությունը, միշտ չէ, որ վատ է պետության համար»: Չվարժված ականջով մարդկանց նույնիսկ կարող է թվալ, թե Մարդու իրավունքների պաշտպանը կպավ իշխանությանը եւ պաշտպանեց ընդդիմությանը: Բայց երբ ուշադիր հետազոտում ենք մեջբերված նախադասությունը, ստացվում է, որ իշխանությունը հիմնականում, որպես կանոն, լավ բաներ է անում պետության համար, բայց նաեւ պատահում են առանձին բացթողումներ, իսկ ընդդիմությունը հիմնականում, որպես կանոն, վատ բաներ է անում պետության համար, բայց երբեմն՝ հազարից մեկ, նաեւ լավ արարքներով ու քայլերով է հանդես գալիս»:

«Կապիտալ» թերթը գրում է. - « «Օրանժ Արմենիա» ընկերությունը, թեեւ ծառայություններ սկսելու է մատուցել նոյեմբերի 5-ից, արդեն իսկ հայտնվել է Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում՝ 3.5 մլրդ դրամ վճարած հարկերով զբաղեցնելով 10-րդ տեղը: Այդ գումարների մոտ 95%-ը գանձվել է մաքսային մարմինների կողմից՝ որպես ներմուծումից ավելացված արժեքի հարկ: Առայժմ պարզ չէ, թե ինչու տվյալ դեպքում չի գործել ավելացված արժեքի հարկի այն հայտնի արտոնությունը, ըստ որի՝ ներմուծվող սարքավորումների արժեքը 300 մլն դրամը գերազանցելու դեպքում հարկի վճարումը հետաձգվում է երեք տարով: Կարծում ենք՝ «Օրանժ Արմենիան», այնուամենայնիվ, սարքավորումներ է ներմուծել, այլ ոչ թե հրուշակեղեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG