Մատչելիության հղումներ

Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները Լյուքսեմբուրգում հանդիպում են ԵՄ-ի պաշտոնյաների հետ


Արեւելյան գործընկերության ծրագիրը քննարկելու համար երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կհանդիպեն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:

Եվրամիությունը այս հանդիպման ժամանակ ներկայացնելու են նախագահող երկրի` Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, նաեւ` Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:

Լյուքսեմբուրգյան հանդիպումը Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկից հետո ԵՄ - Հայաստան խորհրդի առաջին նիստն է:

Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Եվրամիության պաշտոնյաների հետ քննարկելու են, մասնավորապես, մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի պարզեցման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Եվրամիությունը արդեն իսկ գործընթաց է սկսել Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ վիզային ռեժիմը թեթեւացնելու ուղղությամբ:

Լյուքսեմբուրգյան հանդիպումը նախորդում է Եվրամիության անդամ երկրների գագաթնաժողովին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, Լյուքսեմբուրգում Հայաստանի եւ Արդբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի երկկողմ հանդիպման մասին պայմանավորվածություն այս պահին գոյություն չունի, սակայն նա չբացառեց, որ հանդիպման մասին պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել հենց տեղում:

Բացի Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից, «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված են նախկին խորհրդային եւս երեք երկրներ` Բելառուսը, Ուկրաինան եւ Մոլդովան: Ծրագիրը մեկնարկել է այս տարվա մայիսի 7-8-ը Պրահայում անցկացված գագաթնաժողովի ընթացքում: Ծրագրի իրականացման համար Եվրամիությունը նախատեսել է 2009-2013 թվականների ընթացքում ծախսել 600 միլիոն եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG