Մատչելիության հղումներ

Հայաստանը առաջին անգամ մասնակցում է Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի հանդիպմանը


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, հոկտեմբերի 23-ին մասնակցեց Սլովակիայում՝ Բրատիսլավայում կայացած ՄԱԱՈՒ ձեւաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, բացման խոսքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ողջունել է Հայաստանի պաշտպանության նախարարի մասնակցությունը հանդիպմանը, քանի որ «Հայաստանը, որպես Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակից ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիր, նման միջոցառմանը մասնակցում է առաջին անգամ»։

Ռասմուսենը նաեւ նշել է, որ Հայաստանի մասնակցության շնորհիվ Աֆղանստանում իրականացվող գործողություններին զինված ուժեր տրամադրող երկրների թիվը կհասնի 43-ի։

Հանդիպման ընթացքում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակից երկրների պաշտպանության նախարարները համաձայնել են Աֆղանստանի համար նախատեսված անցումային ռազմավարությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընդհանուր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն հանձնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG