Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի զեկույցը մարտիմեկյան գործերի դատավարությունների վերաբերյալ կհրապարակվի մոտ օրերս


Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը մամուլի ասուլիսում, 23-ը հոկտեմբերի, 2009թ.
Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը մամուլի ասուլիսում, 23-ը հոկտեմբերի, 2009թ.

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ մոտ օրերս՝ առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում, կհրապարակի իր զեկույցը մարտիմեկյան իրադարձություններին հետեւած քրեական գործերով դատավարությունների վերաբերյալ:

Այդ զեկույցը, հիշեցնենք, ինչպես ամիսներ առաջ հայտարարել էր Հարությունյանը, պետք է հրապարակվեր դեռեւս սեպտեմբերի վերջին:

Հարցին, թե արդյոք իր զեկույցը հրապարակվելու է Եվրոպայում համագործակցության եւ անվտանգության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ նույն թեմայով զեկույցի հրապարակումից հետո, Հարությունյանը պատասխանեց. - «Կգերադասեի եւ մեր էքսպերտներից էլ պահանջել եմ արագացնել, որ մենք ԵԱՀԿ-ից ավելի շուտ ներկայացնենք»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին՝ գնահատել իրավապահներին գործողությունները օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ դատարանի բակում տեղի ունեցած բախումների եւ երեկ՝ Կառավարության շենքի մոտ իրավապաշտպան մի շարք կազմակերպությունների բողոքի ակցիան խոչընդոտելու ժամանակ, Արմեն Հարությունյանը արձագանքեց. - «Դրանք էլ մեկ այլ մամլո ասուլիսի խնդիր կդառնան: Բայց այդ հարցի վերաբերյալ նույնպես նամակներ ենք պատրաստում, որ ներկայացնենք»:

Իսկ հարցին, թե ինչպես է ընդունում ընդդիմության գնահատականը, թե օմբուդսմենի գրասենյակի գործունեությունը ձեւական է, Հարությունյանը պատասխանեց. - «Մեզ համար շատ դժվար է: Մենք մեր ուժերի չափով փորձում ենք գործել: Մեր գործունեությունը կարող է մի քաղաքական ուժի դուր չգալ կամ մի ուրիշին դուր գալ, բայց մենք չենք կարող այս փոքր ինստիտուտով այս բոլոր հարցերը լուծել... Եթե պայմանը նա է, որ մենք պետք է բոլոր հարցերը լուծենք, որ ձեւական չլինենք, ուրեմն մենք ձեւական ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG