Մատչելիության հղումներ

Հայկական ֆիլմը գլխավոր մրցանակի է արժանացել Անթալիայի կինոփառատոնում


Թուրքիայում` Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնում հայկական «Սահման» ֆիլմը միջազգային ֆիլմերի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի:

Ֆիլմի ռեժիսորը Հարություն Խաչատրյանն է: Նա այժմ կինոնկարը ներկայացնում է մեկ այլ կինոփառատոնում, որը անցկացվում է Ճապոնիայում:

Անթալիա էր մեկնել ֆիլմի օպերատոր Վրեժ Պետրոսյանը, ով «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Ի ուրախություն բոլորիս` ասեմ, որ մեր ֆիլմը շահեց գլխավոր մրցանակը միջազգային մրցույթի, այսինքն` կիսեց գլխավոր մրցանակը ռուսական ֆիլմի հետ: Գլխավոր մրցանակը արդեն խոսում է այն մասին, որ շատ բարձր գնահատվեց»:

Ֆիլմը հայ - թուրքական սահմանի հետ կապ չունի, այն ընդհանրացված գաղափարի` բաժանարար գծի, սահմանի մասին է: Ֆիլմի հերոսները Ադրբեջանից հայ փախստականներ են: Նրանց հետ բերված գոմեշի միջոցով ֆիլմի հեղինակները ներկայացնում են առաջացած անջրպետի ողբերգությունը եւ, այնուամենայնիվ, անջրպետը վերացնելու հույս են առաջացնում. կենդանին անընդհատ ուզում է անցնել սահմանը, վերադառնալ իր միջավայրը, եւ հենց սահմանի վրա գոմեշը ձագ է բերում, բայց եւ նրա վերջն է գալիս` գոմեշի վրա կրակում են սահմանի վրա: «Այլաբանորեն ասած` երեւի իր ձագը կապրի առանց նման փշալարերի, առանց նման սահմանների: Սա այլաբանական խորհուրդն է», - մեկնաբանեց Վրեժ Պետրոսյանը:

Ֆիլմի ժանրի սահմանները խախտված են` վավերագրական կադրեր, նկարահանված տեսարաններ, պրոֆեսիոնալ դերասաններ չկան: «Գեղարվեստա-վավերագրական ժանր է, որտեղ չկան դերասաններ, բայց կան պերսոնաժներ, կան ռեալ մարդիկ, որոնք գեղարվեստական այդ դեմքի մեջ են գործում, եւ ամբողջ վավերագրական ֆոնն էլ ծառայում է ասելիքի գեղարվեստական մեկնաբանմանը», - նշեց ֆիլմի օպերատորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG