Մատչելիության հղումներ

Խոշտանգվող ավանակի եւ առյուծի ձագերի մասին տեսանյութը ինտերնետային քննարկումների առիթ


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի հայտարարեց, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որեւէ առնչություն չունի օրերս ինտերնետում տարածված եւ քննարկումների թեմա դարձած տեսանյութի հետ, որտեղ վանդակում փակված ավանակն ու առյուծի երկու ձագեր տանջում են միմյանց։ Վանդակի մոտ գտնվող մարդիկ հայերեն լեզվով ուրախ քննարկում են վանդակում կատարվածը, սակայն ինչ-որ պահի, երբ ավանակը փորձում է վնասել կորյուններից մեկին, սկսում են կրակել կենդանու ուղղությամբ։

«Նախ ասեմ, որ պարոն Ծառուկյանը ունի ընդամենը սպիտակ տեսակի առյուծներ, եւ հետո այդ վանդակները շատ անմխիթար վիճակում էին եւ այդ կենդանիները պահում էին անմխիթար պայմաններում, ինչը հնարավոր չէ պարոն Ծառուկյանի պարագայում», - հավաստիացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակը՝ հավելելով. - «Որպես արարք դա զազրելի է, եւ հետեւաբար պարոն Ծառուկյանը չէր կարող նման քայլ թույլ տալ իրեն։ Դա բացառապես ապատեղեկատվություն եւ պարոն Ծառուկյանի անվան հետ այդպիսի ասեկոսներ եւ բամբասանքներ տարածելուն է միտված»։

Վերոհիշյալ տեսանյութի բնօրինակը տեղադրված է եղել YouTube վիդեոկայքում, ուր եւ նշված է եղել, որ կենդանիները պատկանում են Գագիկ Ծառուկյանին։ Տեսանյութի այս նախնական օրինակը, որից սկսվեցին ինտերնետային քննարկումները, արդեն հանվել է YouTube վիդեոկայքից։

Առաջինը տեսանյութը հայտնաբերած եւ տարածած բլոգերը, ով ներկայանում է միայն իր կեղծանունով՝ GoldenTent, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այն պատահաբար է հայտնաբերել, երբ փորձում էր գտնել Գագիկ Ծառուկյանի դստեր վերջերս կայացած հարսանիքի տեսագրությունը։

«Հայաստանում կենդանիների խոշտանգումը եւ նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարքներ չեն», - ասում է Propose կենդանիների պաշտպանության կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանը։ - «Մենք Եվրախորհրդի շատ քիչ երկրներից մեկն ենք, որ չենք վավերացրել այդ կոնվենցիան [«Ընտանի կենդանիների իրավունքների մասին»]։ Ադրբեջանն ու Վրաստանը շուրջ հինգ տարի է հետեւողական աշխատում են այդ ուղղությամբ», - նշում է փորձագետը։

Ոստիկանությունում ասացին, որ տեսանյութը չեն տեսել եւ տեղեկություններ չունեն այդ մասին։ Ավելի ուշ, այն բանից հետո, երբ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը նրանց փոխանցեց տեսանյութը պարունակող կայքերից մեկի հասցեն, Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Սայադ Շիրինյանը տեղեկացրեց, որ գործը ուսումնասիրվում է եւ առայժմ ոստիկանությունը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG