Մատչելիության հղումներ

Տիգրան Բալայան. «Հայաստանը Թուրքիայի հետ երբեւէ չի քննարկել Ղարաբաղյան կարգավորումը»


«Հայկական կողմը Թուրքիայի հետ բանակցություններում երբեւէ չի քննարկել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի չորեքշաբթի օրվա հայտարարությունները:

«Ինչպես նշվել է, մենք սկսել ենք այս գործընթացը այն փոխադարձ ընկալմամբ, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների: Հենց այդ ընկալմամբ ենք մենք սկսել բանակցությունները, վարել դրանք եւ հանգել համաձայնությունների, որոնք արտացոլված են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններում», - ընդգծեց Տիգրան Բալայանը` հավելելով. - «Ըստ այդմ, կողմերը շարժվելու են այն դրույթներին համապատասխան, որոնք գրված են արձանագրություններում, որտեղ որեւիցե նախապայման նշված չէ, եւ մենք առաջ ենք ընթանալու արձանագրության դրույթների հետ համահունչ»:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երեկվա հայտարարություններին այսօր արձագանքել է նաեւ իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասելով, թե «Դավութօղլուն երեկ Թուրքիայի խորհրդարանում իրականում ասաց այն, ինչ չկարողացավ ասել Ցյուրիխում, քանի որ դա թույլ չտվեց Հայաստանի արտգործնախարարը»:

Ըստ Շարմազանովի, Թուրքիայի արտգործնախարարը խորհրդարանում պետք է նման հայտարարություններ աներ, որպեսզի իր գործընկերներին «ինչ-որ կերպ» ապացուցեր, որ այդ արձանագրությունները շահեկան են Թուրքիայի համար:

Դավութօղլուի հայտարարության կապակցությամբ, թե՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարագացնի Ղարաբաղյան խնդրի լուծումը, Շարմազանովն ասաց. - «Ի վերջո Թուրքիայի ցանկացած ապակառուցողական մոտեցում, որը կշեղվի պայմանավորվածությունների եւ արձանագրությունների ոգուց, կունենա համապատասխան արձագանք ոչ միայն Հայաստանից, այլեւ այն կողմերից, ովքեր առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման կողմնակից են, եւ ես պատահական չեմ համարում, որ այսօր Ամերիկայի Սենատում էլի շրջանառության մեջ է դրվում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այս քայլով, կարծում եմ, մեր ամերիկացի գործընկերները ուզում են ցույց տալ, որ կան բազմաթիվ հակաքայլեր»:

Հանրապետական կուսակցության խոսնակը արձագանքեց նաեւ Թուրքիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե ո'չ Հայաստանը, ո'չ էլ որեւէ այլ երկիր չեն կարող համարձակվել պահանջ ներկայացնել Թուրքիայի տարածքների վերաբերյալ, եւ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները երաշխավորում են դա:

«Ինչ վերաբերում է նույն Դավութօղլուի այդ հայտարարություններին, ապա եթե նա ակնարկում է Կարսի պայմանագիրը, ապա ես կարող եմ ասել, որ այստեղ Կարսի պայմանագիրը ընդհանրապես կապ չունի, որովհետեւ միջազգային իրավունքի աղբյուր կարող են հանդիսանալ միայն այն պայմանագրերը, որ վավերացվել են տվյալ երկրի կողմից: Հայաստանի Հանրապետությունը չի վավերացրել Կարսի պայմանագիրը, եւ մենք ընդամենը, երբ ասում ենք տարածքային ամբողջականություն, հղում ենք անում ՄԱԿ-ի կանոնադրությանը, ԵԱՀԿ-ի կանոնադրությանը, որոնց մենք անդամակցում ենք», - ասաց Շարմազանովը:

Ոստիկանները թույլ չեն տալիս ցուցարարներին շարժվել դեպի նախագահի նստավայրը:
Այսօր, ի դեպ, իրավապաշտպան մի շարք կազմակերպությունների անդամներ, որոնց թվում է եղել նաեւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, փորձել էին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա կազմակերպել հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Փոստանջյանը, ոստիկանները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա եւ խլել ցուցապաստառները, որոնց վրա պատկերված են եղել Հայաստանի, Կիլիկիայի եւ Արցախի քարտեզները:

Ցուցարարներին հաջողվել էր պատառոտված պաստառներով հասնել մինչեւ Սահմանադրական դատարանի շենքը, որտեղ իրենց դժգոհությունն են հայտնել ու դատապարտել ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանին՝ Սերժ Սարգսյանին համահայկական ուղեւորության ընթացքում ուղեկցելու համար:

Ցուցարարներին չի հաջողվել հասնել մինչեւ նախագահի նստավայր:

«Մենք հնարավորություն չունեցանք շարունակել մեր երթը: Փակեցին մեր դիմացը», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Զարուհի Փոստանջյանը:

Հարցին, թե ինչ պահանջներ էին առաջադրելու՝ եթե հասնեին նախագահի նստավայր, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Քանի որ այս պահի դրությամբ, իմ կարծիքով, նա չընտրված նախագահ է, դեռ ավելին՝ կրում է նաեւ արյան բեռ, ես կարծում եմ, որ այս անձը պետք է այն կուսակցությանը, որի ղեկավարն է ինքը հանդիսանում, ուղղակի արգելի, որպեսզի այդ արձանագրությունները չվավերացվեն Ազգային ժողովում»:
XS
SM
MD
LG