Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը միջնորդում է դատաքննությունից հեռացնել մեղադրող Կորյուն Փիլոյանին


Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում չորեքշաբթի շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Փաշինյանը միջնորդեց դատաքննությունից հեռացնել մեղադրող Կորյուն Փիլոյանին, քանի որ նա՝ «կանխակալ է եւ շահագրգռված է գործի ելքով»։

Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ, Կորյուն Փիլոյանը հաստատել է «կիսատ-պռատ, հատվածական, ցաքուցրիվ» քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը նաեւ հայտարարեց, թե Կորյուն Փիլոյանի մասնակցությամբ քննված տասնյակ մեղադրյալներին դատապարտելուց եւ մարտի 1-ի դեպքերից ավելի քան 1.5 տարի անց Հայաստանի հանրությունն ու միջազգային կառույցները նույն հարցն են տալիս. ի՞նչ է տեղի ունեցել մարտի 1-ին։

«Փիլոյանը եւ իր գործընկերները, իրենց դարակներում պահելով մարտի 1-ի նյութերը, քրեական գործեր են ստեղծագործում' քրեական աբսուրդի ժանրով», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միացավ բացարկի միջնորդությանը եւ ավելացրեց, որ Կորյուն Փիլոյանը ղեկավարել է 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների արձագանքման խմբի աշխատանքները, սակայն, ըստ փաստաբանի, բազմաթիվ խախտումների մասին հաղորդագրությունների պարագայում քրեական գործեր չեն հարուցվել, ուստի՝ «նա ոչ պատշաճ դատախազ է»։

Մեղադրող Հարություն Հարությունյանը դատարանին ասաց, թե պաշտպանական կողմի միջնորդությունը պետք է մերժել։

«Բացարկի վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը անհիմն է», - հայտարարեց Հարությունյանը։

Դատավորը մերժեց Կորյուն Փիլոյանի վերաբերյալ բացարկի միջնորդությունը։

Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը քրեական գործը կարճելու միջնորդություն ներկայացրեց, սակայն դատավորը մերժեց այն՝ պատճառաբանելով, թե ժամանակը չէ։

Դատական նիստը ընդմիջվեց մինչեւ հոկտեմբերի 22-ը։

Նիկոլ Փաշինյանի դատավարությանը մասնակցելու եկածներից շատերը այս անգամ եւս հնարավորություն չունեցան դահլիճում հետեւել նիստին եւ ստիպված էին բավարարվել դատարանի շենքի մոտ կոչեր վանկարկելով։ Նրանցից ոմանք դատարանի շենքի մոտ կիթառ էին նվագում եւ երգում։

Նիկոլ Փաշինյանին ներկայացված մեղադրանքները

Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Հիշյալ հոդվածներով սահմանված ամենախիստ պատիժը 10 տարվա ազատազրկումն է:

2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր եւ իրավապահ մարմիններին ներկայացավ այս տարվա հուլիսի 1-ին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ չկիրառվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG