Մատչելիության հղումներ

Մեղմացվել է երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ առաջադրված մեղադրանքը


Մարիամ Սուխուդյանը հարցաքննությունից հետո, 21 հոկտեմբերի, 2009

«S.O.S. Թեղուտ» եւ «S.O.S. Սեւան» երիտասարդական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված «սուտ մատնություն» մեղադրանքը մեղմացվել է: Հոկտեմբերի 21-ին նրան առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասով` զրպարտություն, որը պատժվում է տուգանքով: Այս մասին Էրեբունու քննչական բաժանմունքի առջեւ հարցաքննությունից հետո հայտարարեց Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը:

Քննիչը հարց է ուղղել Մարիամ Սուխուդյանին, թե արդյոք նա համաձայն է, որ իր նկատմամբ կիրառվի համաներում: Մարիամ Սուխուդյանը հրաժարվել է:

«Ես գրեցի, որ համաձայն չեմ, ինձ մեղավոր չեմ ճանաչում եւ պահանջում եմ գտնել իրական հանցագործներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մարիամ Սուխուդյանը:

Քննիչը տեղեկացրել է, որ գործով նախաքննությունն ավարտվել է եւ երկու օրից նրանք հրավիրվել են բաժին` ծանոթանալու գործի նյութերին: Դրանց ծանոթանալուց հետո Մարիամ Սուխուդյանն ու նրա շահերի պաշտպանը շարունակելու են միջնորդություններ ներկայացնել:

«Առաջադրված մեղադրանքը նախորդի պես անհիմն է, չի բխում գործի իրական հանգամանքներից, եւ վարույթն իրականացնող մարմինը շարունակում է չիրականացնել գործով բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն», - պնդում է փաստաբան Նոնա Գալստյանը:

Երիտասարդ ակտիվիստը դժվարանում է ասել, թե ինչ կլինի, երբ գործը մտնի դատարան, սակայն հավատում է «որոշ առողջ ուժերի գոյությանն այդ համակարգում եւ պատրաստվում է իր անմեղության համար պայքարել մինչեւ վերջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG