Մատչելիության հղումներ

Սուրեն Սուրենյանցը կառաջադրվի թիվ 10 ընտրատարածքում


Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը որոշել է առաջադրվել Ազգային ժողովի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին նշանակված լրացուցիչ ընտրություններում:

«Անշուշտ՝ համարում եմ, որ այս ընտրատարածքի նախկին պատգամավորը՝ Խաչատուր Սուքիասյանը, լավագույնս էր ներկայացնում ընտրատարածքի ընտրողների շահերը: Դրանով հանդերձ՝ հարգում եմ պատգամավորական մանդատից հրաժարվելու նրա որոշումը», - այսօր տարածած հայտարարությունում նշում է ընդդիմադիր գործիչը:

Սուրենյանցը տեղեկացնում է, որ ընտրարշավին մասնակցելու է «Բաց Հայաստան» քաղաքական ծրագրով, իսկ որպես իր հայտարարության գլխավոր պահանջ՝ ակնկալում է «բոլոր քաղբանտարկյալների պարտադիր ազատ արձակումը»:

«Իմ հայտը դուրս է զուտ կուսակցական եւ ընդդիմադիր ձեւաչափից եւ ավելի տարողունակ օրակարգ ունի», - վստահեցնում է Սուրենյանցը եւ հավելում. - «Քաղաքական բազմամյա կենսագրությունս հիմք է տալիս ակնկալելու, որ ստանալու եմ ընդդիմադիր ուժերի մեծամասնության աջակցությունը: Իմ դաշնակիցը կարող են լինել նաեւ իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր՝ թեեւ դեմ են իշխանափոխությանը, սակայն հրամայական են համարում նոր, բաց համակարգի ձեւավորումը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սուրեն Սուրենյանցը փոխանցեց, որ կուսակցական ընկերները տեղյակ են իր որոշմանը եւ հետագայում կարտահայտեն իրենց վերաբերմունքը:

Սուրենյանցը 2008 թվականի փետրվարի վերջին կալանավորվել էր հետընտրական իրադարձությունների կապակցությամբ: Նույն տարվա ապրիլին նա կալանքից ազատ արձակվեց, եւ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG