Մատչելիության հղումներ

Ուկրաինայում պաշտոնապես մեկնարկել է ընտրարշավը


Կիեւի փողոցներում հոկտեմբերի 19-ից տեղադրվում են թեկնածուների նախընտրական պաստառները
Կիեւի փողոցներում հոկտեմբերի 19-ից տեղադրվում են թեկնածուների նախընտրական պաստառները

Ուկրաինայում պաշտոնապես սկսվել է 2010 թվականի հունվարի 17-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների քարոզարշավը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է ընտրատարածքների կազմավորման հարցերը:

Սա 2004 թվականի «նարնջագույն հեղափոխությունից» հետո անցկացվող նախագահական առաջին ընտրությունն է, եւ վերլուծաբանները նշում են, որ նախորդ ընտրությունների համեմատ հիմնական տարբերությունը այն է, որ «նարնջագույն հեղափոխության» թիմը տրոհվել է:

Եթե նախկինում արեւմտամետ ուժերը միասնաբար պայքարում էին ռուսամետ թեկնածու Վիկտոր Յանուկովիչի դեմ, ապա հիմա առանձին-առանձին պայքարի մեջ են մտնում նախկին թիմակիցները` երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Արդեն հարցումներ են անցկացվում, ըստ որոնց` առաջատարները Վիկտոր Յանուկովիչը եւ Յուլիա Տիմոշենկոն են:

Տիմոշենկոյի դաշինքից Եվգենի Դոբրյակը BBC-ի հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե ինչո՞ւ արեւմտամետ ազատականները միասնաբար հանդես չեն գալիս: Դոբրյակը հերքել է լուրերը, թե նրանց միջեւ վիճաբանություն կա: Նրա խոսքերով` ոչ մի վեճ չի եղել. Վիկտոր Յուշչենկոն հետ է քաշվել այն սկզբունքներից, որոնց դավանելով 2004-ին եկավ իշխանության, իսկ Տիմոշենկոն հավատարիմ է մնացել դրանց եւ ընտրվելու դեպքում կիրականացնի այդ ծրագրերը:

Վիկտոր Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով հոկտեմբերի 22-ին երկու օրով Կիեւ են ժամանելու Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչները: Այս կուսակցության ղեկավարը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն է:

Յանուկովիչը ավանդաբար մեծ օժանդակություն ունի Ուկրաինայի արեւելյան` արդյունաբերական շրջաններում:

Մասնագետները ակնկալում են սուր ընտրապայքար` «սեւ PR»-ով, թեկնածուների` իրար վարկաբեկելով:

Արդեն կանխատեսումներ են արվում, որ ընտրությունները դժվար թե մեկ փուլով ավարտվեն:

Ըստ հարցումների` ընտրողների 20-25 տոկոսը դեռեւս կողմնորոշված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG