Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 20-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` այսօր սկսվող դատավարությանը, գրելով. - «Երբ վերջին իրադարձությունների հետ կապված ոմանք սիրում են կրկնել, որ մենք խեղճ ենք, մենք դժբախտ ենք, մենք ռեսուրսներ չունենք, ես դրա հետ համաձայն չեմ: Մենք ունենք հսկայական ռեսուրսներ: Եվ մեր գլխավոր ռեսուրսը ժողովրդավարությունն է: Ինձ թվում է՝ տարրական ճշմարտություն է, որ Հայաստանի միջազգային դիրքերը էապես կամրապնդվեն, եթե ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները: Որքան զարգացած, որքան ավելի ժողովրդավարական լինի մեր պետությունը, այնքան շատ մենք խոսելու տեղ կունենանք: Այդ առումով՝ այսօր սկսվող Նիկոլ Փաշինյանի դատավարությունը յուրօրինակ փորձաքար է: Քաղբանտարկյալների ազատ արձակումը բացարձակապես չի ազդի երկրի ներքաղաքական կայունության վրա, չի խթանի իշխանափոխությունը: Ինչո՞ւ են, ուրեմն, անմեղ մարդկանց բանտերում պահում: Կարծում եմ՝ մանր վրեժխնդրություն է. ախ, դու մեր մասին փիս բաներ ես խոսում, դե հիմա տես քո հալը: Այդ մանր եւ անցողիկ հաճույքը ստանալու համար արժե՞ արդյոք հարվածի տակ դնել պետության շահերը՝ կոպտորեն ոտնահարելով օրենքը: Հետեւաբար, այսօր մեկնարկող դատավարության՝ իրավական եւ քաղաքական տեսակետից ամենաճիշտ լուծումը կլինի պարոն Փաշինյանին անպարտ ճանաչելը եւ դատարանի դահլիճից ազատ արձակելը: Խիստ կասկածում եմ, որ իշխանությունն այսքան իմաստուն կգտնվի»:


Անդրադառնալով նույն թեմային՝ «Հրապարակ»-ը գրում է. - «Կարելի է միայն ցավակցել մեղադրող Կորյուն Փիլոյանին եւ դատավար Մնացական Մարտիրոսյանին, որոնք ստիպված են լինելու ապացուցել անապացուցելին եւ իրենց խղճի դեմ հանցանք կատարելով՝ ինչ-որ պատիժ հրապարակել Փաշինյանի նկատմամբ: Վստահ ենք՝ եթե նրանք փոքրիկ շանս ունենային, կհրաժարվեին այս ծանր պարտականությունից: Չունեն: Նրանք այս ռեժիմի սպասարկուներն են եւ ստիպված են գործել վերեւից իջեցված հրահանգի շրջանակներում: Տվյալ պարագայում մեր հասարակությունն իր ասելիքը պետք է ուղղի այդ հրահանգն իջեցնողներին: Եթե ինչ-որ շրջանակներում դեռ կարելի էր մի կերպ տեղավորել Փաշինյանի այս 4-ամսյա կալանքը, ապա դատավարությունից հետո նրան ազատ չարձակելը վայրենություն կնշանակի: Մեր հասարակության մեջ առկա դժգոհության սանդղակը դրանից խիստ կբարձրանա, ոչ մի եվրոպական կառույց, ոչ մի դեմոկրատական երկիր դա չի հասկանա»:

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող մի քանի հարցերի. - «Սահմանի բացումը լուրջ խթան է լինելու մենաշնորհների դեմ պայքարի առումով», - ասում է ՀՀ վարչապետը եւ հիմնավորում, թե քանի որ ճանապարհածախսը թանկ է, ուստի խոշորները մեծ խմբաքանակ ներկրելիս ավելի քիչ ծախս են անում: Դրա պատճառով էլ փոքր եւ միջին բիզնեսը չի կարողանում նրանց հետ մրցել: Եթե շարունակենք նույն տրամաբանությամբ, ապա սահմանի բացման դեպքում ճանապարհածախսը խոշոր եւ փոքր խմբաքանակներ ներկրելիս կէժանանա համամասնորեն: Դրանից ուղղակիորեն հետեւում է, որ փոքրը կրկին ավելի շատ կվճարի որպես ճանապարհածախս, քան խոշորը, եւ էլի չի կարող մրցել խոշորի հետ: Այս թվաբանությունը, թերեւս, ընկալելի կդառնա Տիգրան Սարգսյանի համար անմիջապես, երբ սահմանը բացվի: Գուցե այդ ժամանակ վարչապետը խոստովանի, որ մենաշնորհները ամենեւին էլ պայմանավորված չեն փակ սահմաններով: Մենաշնորհները նրա համար են, որ Սերժ եւ Տիգրան Սարգսյանները կարողանան ձեռք գցել, այնուհետեւ պահպանել իրենց ունեցած պաշտոնները: Եթե մենաշնորհները չլինեին, ապա նրանք բոլորովին ուրիշ տեղ կլինեին»:

«Հայոց Աշխարհ»-ին հարցազրույց է տվել «Ֆլեշ» ընկերության նախագահ, խոշոր գործարար Բարսեղ Բեգլարյանը: Լրագրողը հարցնում է. - «Հասարակական, քաղաքական տեսակետից շատ գործիչներ մտավախություն ունեն, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը ի վնաս մեզ է լինելու, վտանգավոր է»։ Բեգլարյանը պատասխանել է. - «Գիտեք, անշուշտ, ես արցախցի եմ, եւ երբ 88-ին սկսվում էր արցախյան շարժումը, ահա այն ժամանակ, մեր բազմաթիվ բարեկամներ, ԽՍՀՄ տարբեր քաղաքներից, Բաքվից ու Գանձակից զանգահարում էին, թե այդ ինչ եք անում, մեր վերջն ի՞նչ է լինելու։ Տարօրինակ էր թվում, բայց Երեւանից էլ էին այդպիսի կարծիքներ հնչում, թե՝ այդպես չի կարելի։ Նույնիսկ հարազատ հայրս էր ասում՝ «էս ի՞նչ եք անում»։ Բայց մենք գիտեինք, թե ուր ենք գնում, եւ այսօր կյանքը ցույց է տալիս, որ, փառք Աստծո, ճիշտ էինք։ Ավելին՝ երբ ԽՍՀՄ-ը փլուզման շեմին էր ու Հայաստանի անկախության հարցն էր դրված, շատերը նույնպես խիստ անհանգիստ էին, նույնիսկ՝ տագնապահար, ասում էին՝ բա ո՞նց պիտի դիմանաք, սխալ եք անում, մի՛ արեք այդ քայլը եւ այլն։ Բայց էլի կյանքն ապացուցեց, որ դա էր ճիշտ ճանապարհը։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա ի վերջո պետք է նայել երկու ժողովուրդների հոգեկերտվածքներին, որ էլի շատ նուրբ հարց է։ Միաժամանակ հայտնի է, որ մենք քրիստոնյա ենք, իրենք՝ մուսուլման։ Եւ այդ ուսմունքները արմատապես միմյանցից տարբերվում են։ Մեր ժողովրդի մեջ քիչ չեն այնպիսիները, որ կարծում են, թե քրիստոնյա նշանակում է խեղճուկրակ։ Իսկ իմ կարծիքով, քրիստոնյա լինել, նշանակում է լինել հանդուրժող, բայց հզոր, լինել բարի, բայց ուժեղ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG