Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Հայկական կողմը հարցեր է բարձրացրել, որոնք համաձայնեցվել էին երկու-երեք տարի առաջ»


«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ վերջին` հոկտեմբերի 9-ին Քիշինեւում կայացած հանդիպումը լավատեսության առիթ չի տալիս», - ըստ ադրբեջանական Trend գործակալության, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` ընդգծելով, որ բանակցությունները կառուցողական չեն եղել:

«Հայկական կողմը հանկարծ սկսեց հարցեր բարձրացնել, որոնք համաձայնեցվել էին դեռեւս երկու-երեք տարի առաջ», - հայտարարել է Մամեդյարովը:

«Մենք ընդունում ենք սկզբունքը, որի համաձայն, քանի դեռ ամեն ինչ չի համաձայնեցվել` չի համաձայնեցվել ոչինչ, սակայն անհնար է առաջ շարժվել, երբ ստիպված ես վերադառնալ եւ քննարկել հարցեր, որոնց շուրջ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել դեռեւս երկու-երեք տարի առաջ», - հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Կարծիք հայտնելով, թե հայկական կողմի այդ դիրքորոշումը պայմանավորված է տարածաշրջանում արձանագրված վերջին զարգացումներով, մասնավորապես, հայ-թուրքական հաշտեցմամբ՝ Մամեդյարովն ասել է. - «Հայկական կողմը հավանաբար կարծում է, որ եթե Թուրքիայի հետ բանակցությունները առաջ են շարժվում, ապա հնարավոր է սառեցնել մյուս գործընթացները»:

Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ հայտնել է, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին այցելելու են տարածաշրջան։

«Նրանք պետք է մտորեն այն ամենի շուրջ, ինչ լսեցին Քիշնեւում, ուղիներ գտնեն` բանակցային գործընթացի դրական դինամիկան պահպանելու համար եւ, որ ամենակարեւորն է` համոզեն Հայաստանի իշխանություններին, որ նրանք չեն կարող հարցեր բարձրացնել, որոնք արդեն համաձայնեցվել են: Հակառակ դեպքում, սա կլինի անվերջ գործընթաց», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG