Մատչելիության հղումներ

Փաշինյանի փաստաբանը օրինական դատաքննություն չի ակնկալում


Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանի կարծիքով` իր պաշտպանյալի գործով նախաքննությունը «օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ չի վարվել»:

«Մենք մեծ հույսեր էլ չունեինք, որ պետք է օբյեկտիվ վարվի, որովհետեւ օբյեկտիվ վարելու պայմաններում ընդհանրապես քրեական գործի վարույթը կկարճվեր, եւ, իհարկե, Նիկոլ Փաշինյանը ազատ կարձակվեր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց փաստաբանը` հավելելով. - «Ուստի մենք մեծ հույսեր չունեինք, որ նախաքննության ընթացքում օրինականություն կլինի, եւ նշեմ, որ մեծ հույսեր էլ չունենք, որ դատական քննությունը օրինական կընթանա»:

Քրեական գործը, Լուսինե Սահակյանի փոխանցմամբ, 13 հատորից է բաղկացած. - «Ըստ էության, այդ հատորներում զետեղված են հավաքական այն նույն նյութերը, որոնք եղել են հանրությանը հայտնի «7»-ի դատավարության ընթացքում»:

Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատաքննությունը նշանակվել է հոկտեմբերի 20-ին:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Հիշյալ հոդվածներով սահմանված ամենախիստ պատիժը 10 տարվա ազատազրկումն է:

Նիկոլ Փաշինյանը, ով 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հետախուզման մեջ էր գտնվում, այս տարվա հուլիսի 1-ին ներկայացել է իրավապահ մարմիններին: Օրեր անց դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2008-ի փետրվարի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG