Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 14-ի մամուլ


«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Վերջին շաբաթներին եկել է ազգիս դարդուցավով տապակվողների «աստեղային ժամը»: Եթե դուք հանկարծ հարցնեք, թե ինչպես են հայ-թուրքական արձանագրությունները կործանելու Հայաստանը եւ հայ ժողովրդին, ապա որպես պատասխան կստանաք հուզական արտահայտությունների մի հեղեղ, որտեղ «թուրք» բառը համեմվելու է բերանի փրփուրով: Այդ հեղեղից դուք կհասկանաք, որ դուք «թուրք» եք՝ այդ բառի ամենահայհոյական իմաստով: Օրերս ինձ զանգահարեց մեր հասարակական գործիչներից մեկը եւ ասաց, որ ինքն էլ է վախենում որեւէ դրական բառ ասել հայ-թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ, քանի որ չի ուզում ստանալ թրքամետի եւ իշխանամետի պիտակ: Այդ գործիչն էլ նույն գործընթացի վերաբերյալ ունի իր մտահոգությունները, բայց դրանք էլ չի ուզում ասել, որպեսզի ջուր չլցնեի որեւէ կուսակցության ջրաղացին»:

«Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը կարծիք է հայտնում. - «Մեզ առաջիկայում ավելի բարդ խնդիր է սպասում։ Վաղ թե ուշ, միջազգային հանրությունը ձեռնամուխ է լինելու նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելուն։ Իսկ մեր ու ադրբեջանցիների փոխհարաբերությունները անհամեմատ բարդ են, քանի որ ազգամիջյան պատերազմի վերքերը շատ ավելի թարմ են։ Եթե աշխարհաքաղաքական ազդեցիկ կենտրոնները նպատակ ունեն վերացնել բոլոր փակ սահմանները եւ լուծել տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտները, ապա տարածաշրջանային կայունություն եւ անվտանգություն ապահովելու համար պետք կլինի բացել նաեւ հայ-ադրբեջանական սահմանը։ Հետեւաբար Հայաստանը աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում է հայտնվել եւ պետք է պատրաստ լինի բարդ լուծումների»։

«Հայք»-ը խմբագրականում գրում է. - «Երբ մի քանի տարի առաջ տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, եւ Հայաստանն ու Թուրքիան ընդգրկվեցին նույն ենթախմբում, միամիտները կարծեցին, թե դա պատահականություն է: Իսկ իրականությունն այն է, որ պատահականություն չի լինում: Անհրաժեշտություն էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի թիմերը պաշտոնական հանդիպումներում մրցեին միմյանց դեմ: Բնականաբար, նրանք, ովքեր կանգնած էին այս նախաձեռնության ետեւում, շահագրգռված չէին Թուրքիայում կամ Հայաստանում ֆուտբոլի զարգացմամբ: Պարզապես նրանք հրաշալի գիտեին, որ ինչպես թուրքերը, այնպես էլ հայերը ֆուտբոլ շատ են սիրում: Ֆուտբոլը դրական էներգիա է հաղորդում, եւ այս դրական էներգետիկ դաշտի պայմաններում Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին պետք է հրավիրեր Երեւան՝ միասին ֆուտբոլ դիտելու... Այսօր կրկին ֆուտբոլ է: Որքան էլ Սերժ Սարգսյանը փորձում էր տպավորություն ստեղծել, թե տատանվում է մեկնելու հարցում, բայց դեռ վիճակահանությունից շատ առաջ էլ որոշված էր, որ նա պետք է մեկնի: Այսպես կոչված միջազգային հանրությունը շատ հրաշալի գիտի, որ լեգիտիմություն չունեցող ղեկավարները հեշտությամբ են կառավարվում, որ սեփական ժողովրդի աջակցությունը չունեցող իշխանությունները չեն կարող «ոչ» ասել: Մի երկտողը բավական է հարցը լուծելու համար»:

«Չորրորդ իշխանության» մեկնաբանը գրում է. - «Սերժ Սարգսյանը հասկանո՞ւմ է, որ երկիրը չի կարող «արտաքին աշխարհ» դուրս գալ՝ ունենալով քաղբանտարկյալներ: Հասարակ բան է, չէ՞. մարդը տնից դուրս գալուց առաջ պիտի լվացվի ու հայելու մեջ ինքն իրեն նայի: Ո՞ւմ պիտի խաբի, թե ինքը դատական համակարգի գործերին չի խառնվում, ո՞ւմ պիտի համոզի, թե իբր քաղաքական հայացքների համար բանտերը նետված մարդիկ ուզում էին «բռնությամբ իշխանություն զավթել» եւ այլն: Այդ ո՞ր տրամաբանությամբ է նա հայտարարում, թե Ղարաբաղի հարցում ոչ մի զիջում չի անելու, եւ միաժամանակ շարունակում բարտերում պահել Ղարաբաղյան պատերազմի հերոսներին՝ միայն այն պատճառով, որ ընտրությունների ժամանակ իր մրցակցի կողքին են եղել: Չհասկացանք, նա այնքան «դուխ» ունի, որ 9 միլիոն մարդու կողմից «դավաճան» պիտակին արժանանալու գնով փաստաթղթեր է ստորագրում, բայց ընդամենը երկու տասնյակ քաղբանտարկյալներին ազատ արձակելու «դուխ» չունի՞»:

«Ազգ»-ը, տեղեկացնելով, որ Եվրոպայի խորհուրդը հոկտեմբերի 15-ին քննարկի Երեւանի քաղաքապետի ընտրությունները, գրում է. - «Երեւանի քաղաքապետի ընտրություններն ինքնին դրական երեւույթ են, որ ողջունելի է Եվրոպայի խորհրդի տեղական ու շրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից: Այսպիսին ներկայացրեց կոնգրեսի մոտեցումը կառույցի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յան Միկալլեֆը: Ամեն դեպքում, Միկալլեֆի խոսքերով, Երեւանի ընտրությունների մասին իրենց կազմակերպության զեկույցը տեղի ունեցածում առաջընթաց է գրանցել, բայց հարկավոր է զգույշ լինել, որպեսզի եվրոպական ընտրական չափորոշիչները լինեն բավարարված:
Միկալլեֆի ներկայացմամբ, զեկույցում կան դրույթներ, որ ակտիվ քննարկման կբերեն, սակայն կոնգրեսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը գտնում է, որ այդօրինակ ընտրությունների անցկացումն ինքնին դրական է, քանի որ Եվրոպայի համար անընդունելի է քաղաքապետների նշանակման մոտեցումը: Հոկտեմբերի 15-ին կոնգրեսը կանդրադառնա Երեւանի քաղաքապետի ընտրությունների առնչությամբ իրենց իսկ դիտորդական առաքելության զեկույցի քննարկմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG