Մատչելիության հղումներ

Հայաստանցի ֆուտբոլիստներին Բուրսայում լավ են դիմավորել


Բուրսայի բնակիչները բողոքում են իշխանությունների որոշման դեմ, որով արգելվել է հոկտեմբերի 14-ին մարզադաշտ տանել Ադրբեջանի դրոշները, 11 հոկտեմբերի, 2009
Բուրսայի բնակիչները բողոքում են իշխանությունների որոշման դեմ, որով արգելվել է հոկտեմբերի 14-ին մարզադաշտ տանել Ադրբեջանի դրոշները, 11 հոկտեմբերի, 2009

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երկուշաբթի օրը ժամանել է Բուրսա, որտեղ Աթաթուրքի անվան մարզադաշտում հոկտեմբերի 14-ին աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղն է անցկացնելու Թուրքիայի հավաքականի հետ:

Անկախ խաղի արդյունքից, երկու հավաքականները, վատ արդյունքներ ցուցաբերելով ընտրական 5-րդ խմբում, արդեն իսկ զրկվել են 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորությունից:

Ժամանելով Բուրսա` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գոհունակություն է հայտնել իրենց լավ դիմավորելու համար: «Մեզ շատ լավ են դիմավորել Բուրսայում», - ասել է նա «Հյուրիեթ» թերթին: - «Շնորհակալություն Թուրքիայի իշխանություններին այդպիսի լավ կազմակերպման համար»:

Հայրապետյանը հույս է հայտնել, որ հանդիպմանը ամեն ինչ լավ կլինի, եւ երկու թիմերն էլ լավ կավարտեն խաղը:

«Հյուրիեթ»-ը գրում է, որ խաղի ժամանակ հարյուրավոր ոստիկաններ ու զինվորներ մարզադաշտում են լինելու որպես սովորական քաղաքացիներ, ֆուտբոլի երկրպագուներ: Խաղի համար տոմսեր չեն վաճառվելու:

Բուրսայի ոստիկանապետը նաեւ զգուշացրել է ադրբեջանական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացիներին, որոնք ծրագրում են մարզադաշտ գնալ` բողոքելու Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու դեմ: Թերթը գրում է, որ նրանց զգուշացրել են, որ երգեր չերգեն ու Ադրբեջանի դրոշներ չթափահարեն:

Իր երկրի քաղաքացիներին եւ մասնավորապես Բուրսայի բնակիչներին զուսպ լինելու կոչ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG