Մատչելիության հղումներ

Ֆաթիհ Թերիմ. «Բուրսայում կայանալիք խաղն ինձ համար վերջինն է»


Կենտրոնում` Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկը
Կենտրոնում` Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկը

«Զաման» պարբերականի փոխանցմամբ` Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը հայտարարել է, որ Բուրսայում Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո ազատելու է պաշտոնը։ Այդ մասին Թերիմը հայտնել է դեռ անցյալ շաբաթ օրը` Բելգիայի հավաքականից իր թիմի կրած 0:2 հաշվով պարտությունից հետո։

«Մարզադաշտում երկրպագուների մի խումբ ինձ հարգանքով անվանում է «կայսր», մի խումբն էլ վանկարկում` «Թերի'մ, հեռացի'ր»։ Մենք միասին շատ բանի ենք հասել», - ասել է մարզիչն ու հավելել. - «Ես պարտավոր չեմ հաշիվ ներկայացնել, բայց պատրաստ եմ բացատրություններ տալ։ Բուրսայում կայանալիք խաղն ինձ համար վերջինն է»։

Նա նշել է, որ դժգոհ երկրպագուների վիրավորական վանկարկումները որոշակի դեր են կատարել իր` հեռանալու վճիռ ընդունելու հարցում։

Թերիմը ասել է, որ իր թիմը շաբաթ օրը չկարողացավ առավել նվիրումով խաղալ հիմնականում այն պատճառով, որ Բոսնիա եւ Հերցեգովինայի հաղթանակն Էստոնիայի նկատմամբ թուրքերի համար այլեւս անհնարին էր դարձրել Հարավային Աֆրիկա ուղեգիր նվաճելու հնարավորությունը, մինչդեռ Բելգիայի հավաքականը նոր մարզիչ Դիք Ադվոկատի գլխավորությամբ ձգտում էր լավ խաղ ցույց տալ։

«Ես շնորհավորում եմ Ադվոկատին եւ Բոսնիային էլ հաջողություն եմ մաղթում առաջիկա հանդիպումներում», - ասել է Ֆաթիհ Թերիմը։

Նա նշել է նաեւ, որ երբ վիճակահանությամբ կազմվել էր ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության 5-րդ ընտրական խումբը, մասնագետները միաձայն հայտարարել էին, որ առաջատարներ երկու թիմեր են` Իսպանիան եւ Թուրքիան։

«Մենք լավ էինք սկսել, բայց հետո սայթաքեցինք, մենք պարտավոր էինք հաղթել Բոսնիային», - ասել է Ֆաթիհ Թերիմը։

Անդրադառնալով նրա հրաժարականի մտադրությանը` լրատվական գործակալությունները նշում են, որ ֆուտբոլի Եվրոպայի անցյալ տարվա առաջնությունից հետո Թերիմն ի լուր աշխարհի հայտարարել էր հեռանալու մասին, սակայն անսալով ֆեդերացիայի հորդորներին` համաձայնել էր շարունակել աշխատանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG