Մատչելիության հղումներ

Հայ - թուրքական գործընթացը` միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում


Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ դրա հետ կապված զարգացումները միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում են: ԼՐԱՑՎԱԾ

Financial Times-ը գրում է, որ ստորագրելով հայ - թուրքական արձանագրությունները` արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն միմյանց ձեռք են սեղմել, ապա ողջագուրվել արարողությանը ներկա ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի պաշտոնակիցների` Հիլարի Քլինթոնի, Սերգեյ Լավրովի, Բեռնար Կուշների, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով պատասխանատու Խավիեր Սոլանայի հետ։ Թերթը նկատում է, որ անմիջապես ստորագրումից հետո միայն Դավութօղլուի դեմքին էր սիրալիր ժպիտ։

Irish Times-ի փոխանցմամբ` Կարսի ներկայիս քաղաքապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Նեւզաթ Բոզկուսը համոզված է, որ Թուրքիայի խորհրդարանը անպայման կվավերացնի արձանագրությունները, մինչդեռ նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով ժամանակին հանդես է եկել երկու ժողովուրդների համերաշխության արձանը տեղադրելու նախաձեռնությամբ, որը մերժվել է կենտրոնական իշխանության կողմից, այդքան լավատես չէ։ «Կտեսնեք, նեղ մտածելակերպի մարդիկ, ովքեր արգելափակել են արձանի գաղափարը, կարգելափակեն նաեւ խաղաղության գործընթացը», - ասել է Ալիբեյօղլուն։

Ըստ Irish Times-ի, թուրք ազգայնականները դատապարտել են արձանագրությունների ստորագրումն ու հոկտեմբերի 10-ը անվանել «սեւ օր Թուրքիայի համար»։ Արձագանքելով այդ քննադատությանը` արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասել է. - «Որքան երկար ձգենք աղեղը դեպի Ասիա, այնքան հեռու է նետը հասնելու Եվրոպա։ Հարեւանների վրա ազդեցություն չունեցող Թուրքիան չի կարող լինել հարգանքի արժանի թեկնածու Եվրոպայում»։

«Ադրբեջանը դեմ է հայ - թուրքական պայմանագրին» վերնագրի ներքո Պրահայում լոյս տեսնեղ «Լիդովե նովինի» օրաթերթը հաղորդում է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե հայկական ուժերի կողմից ադրբեջանական տարածքների «բռնազավթման» պայմաններում հայ - թուրքական համաձայնության ստորագրումը հակասում է Ադրբեջանի շահերին եւ ստվեր է գցում թուրք - ադրբեջանական եղբայրական հարաբերությունների վրա։

«Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հաջորդ օրն իսկ Թուրքիայի վարչապետի արած հայտարարությունները, թե որեւէ լուրջ առաջընթաց հնարավոր չէ, առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հուշում են, որ մի շարք լուրջ հարցեր շարունակում են խոչընդոտել համաձայնության իրագործումը», - գրում է ամերիկյան Wall Street Journal-ը։

«Հայաստանի հետ համաձայնությամբ Թուրքիան մտադիր է մի կրակոցով մի քանի նապաստակ սպանել. նախ մեծացնել ազդեցությունը տարածաշրջանում, առավել դյուրին դարձնել Եվրամիությանը անդամակցության գործընթացը եւ նվազեցնել այն մշտական սպառնալիքները, որ հնչում են Միացյալ Նահանգներից` 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանության ճանաչելու վերաբերյալ», - գրում է բրիտանական Financial Times-ը։

«Եթե համաձայնագրերը վավերացվեն խորհրդարանների կողմից եւ կյանքի կոչվեն, նախագահներ Սարգսյանն ու Գյուլը կարող են հավակնել 2010 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին», - գրում է Christian Science Monitor-ը եւ միաժամանակ ընդգծում, որ այդ հեռանկարը բավական անորոշ է։ - «Երկու երկրներում առկա ազգայնական շրջակաները կփորձեն խափանել գործընթնացը, եւ Թուրքիայի ու Հայաստանի առաջնորդներից մեծ դիվանագիտական հմտություն կպահանջվի` այդ խոչընդոտները հաղթահարելու համար»:

Թուրքական Zaman-ը մեջբերել է Թուրքիայի նախագահի եւ վարչապետի գնահատականները:

«Ժամանակ առ ժամանակ կարող են խնդիրներ ծագել, սակայն, եթե նպատակներն ու ցանկությունները հստակ են, մենք կարող ենք համաձայնության հասնել։ Եվ եթե մեզ հաջողվի համագործակցության մթնոլորտ ձեւավորել Կովկասում, դրանով մենք կկարողանանք լուծել նաեւ տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող խնդիրները», - հայտարարել է Աբդուլա Գյուլը։

«Իսկ ինչո՞ւ Թուրքիան Հայաստանի հետ չունենա այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ունի Վրաստանի եւ Սիրիայի հետ, չէ՞ որ մենք հարեւաններ ենք», - ըստ Zaman-ի, հայտարարել է վարչապետ Էրդողանը եւ ընդգծել. - «Ինչո՞ւ կենտրոնանալ անցյալի դժվարությունների վրա` ապագայի բարեկամության վրա հիմնվելու փոխարեն։ Մենք ուզում ենք տարաձայնությունները հարթելու ճանապարհով բացել բոլոր սահմանները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG