Մատչելիության հղումներ

Հայաստանում է ԱՄՀ-ի գործադիր տնօրենների պատվիրակությունը


Կիրակի օրը Երեւան է ժամանել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրենների պատվիրակությունը:

Նույն օրը պատվիրակության ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում կողմերը Հայաստանի կառավարության ու միջազգային ֆինանսական այս կառույցի գործակցությունը գնահատել են գերազանց: Հիմնադրամի պաշտոնյաներն ընդգծել են, որ Հայաստանը լավագույնս է դրսեւորվել իր պարտավորությունները կատարելիս:

Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախացումից ի վեր Հայաստանի տնտեսական հաջողություններում մեծ է նաեւ Հիմնադրամի ներդրումը, եւ հույս է հայտնել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցությունը, իսկ Հայաստանը, ըստ նախագահի, պատրաստ է շարունակել բարեփոխումներն ու ընդլայնել համագործակցությունը:

Նախագահը ներկայացել է տնտեսության ներկա վիճակը, խոսել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության եւ հետեւանքների հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Նշելով, որ դժվարին, բայց անհրաժեշտ որոշումներ են կայացվել, երկրի ղեկավարն ասել է, որ արվում է հնարավորը` արդյունավետ օգտագործելու առկա կարողություններն ու ֆինանսական ռեսուրսները:

Հիմնադրամի պաշտոնյաները վստահեցրել են, որ ֆինանսական այս կառույցը պատրաստ է հետայսու եւս հնարավորինս օժանդակել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանը:

Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաեւ հայ - թուրքական երկխոսության վերջին զարգացումները: Հիմնադրամի գործադիր տնօրենները նշել են, որ ԱՄՀ-ն մշտապես կողմ է եղել բաց սահմաններին:

ԱՄՀ-ի գործադիր տնօրենների պատվիրակությանը երկուշաբթի օրը ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Երկօրյա այցի շրջանակներում պատվիրակությունը կհանդիպի նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ:

Հոկտեմբերի 9-15-ը ԱՄՀ-ի գործադիր տնօրենների պատվիրակությունը, որում ընդգրկված են Մեգ Լանդսեգերը, Ախե Բաքերը, Ամբրուազ Ֆայոլը, Հի Ջանշյոնգը, Թոմաս Մոզերը, Կլաուս Շտայնը եւ Ջենս Հենրիկսոնը, կայցելի նաեւ Վրաստան, Ուզբեկստան եւ Թուրքմենստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG