Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ. «Դրվեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման հիմնաքարը»


Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ահմեդ Դավութօղլուի կողմից Ցյուրիխի Համալսարանի գլխավոր սրահում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության ստորագրման կապակցությամբ:

«Արձանագրությունների ստորագրումն անցյալ տարի Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ երկու հարեւան երկրների միջեւ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն ուղղված գործընթացի տրամաբանական արդյունքն է, որը կարող է օգտակար լինել հայ եւ թուրք ժողովուրդների համար, եթե այս փաստաթղթերը կյանքի կոչվեն ինչպես եւ պայմանավորված է` ճշտապահորեն, առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում իրականացվեն դրանց դրույթները», - ասված է մասնավորապես պաշտոնական հաղորդագրությունում:

Արարողությունից հետո Հայաստանի արտգործնախարարը, գործընթացին աջակցելու համար շնորհակալություն հայտնելով Շվեյցարիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Ֆրանսիային, Եվրոպական կառույցների ղեկավարներին, ասել է. - «Այսօր դուք կանգնած էիք մեր կողքին`մասնակից լինելով Արձանագրությունների ստորագրմանը, եւ արդարացիորեն կիսում եք ձեռք բերված արդյունքի վաստակը, ինչպես նաեւ ապագա նվաճումների պատասխանատվությունը»:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. - «Գործընթացի սկզբից եւեթ մենք գիտակցում էինք այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնք առկա են դեպի ապագա տանող այս փշոտ, բայցեւ այսքան անհրաժեշտ ճանապարհին: Սակայն, մենք նաեւ գիտակցում ենք, որ այս ծանր բեռը հաջորդ սերունդներին թողնելը անպատասխանատու եւ չարդարացված կլինի»:

Արձանագրությունների ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է. - «Մենք անկեղծորեն ուրախ ենք ստորագրման համար: Փաստաթղթերի ստորագրումը ոչ միայն առաջին քայլն է, անհրաժեշտ է նաեւ, որ դրանք անմիջապես վավերացվեն»:

Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան եւս ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ եւ նշել, որ ստորագրված փաստաթղթերը կարեւոր դրական ազդեցություն կունենան ամբողջ տարածաշրջանի համար: Նա հույս է հայտնել, որ Արձանագրությունները շուտով կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից եւ կիրականացվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG