Մատչելիության հղումներ

Արձանագրությունները կստորագրվեն Ցյուրիխի համալսարանում


Ուրբաթ ուշ երեկոյան Շվեյցարիայի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում, որտեղ 1946-ի սեպտեմբերի 19-ի իր ելույթում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչելը ասել է՝ «Թող Եվրոպան վեր հառնի»:

Ստորագրումը` Ցյուրիխի համալսարանում
please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00
Ուղիղ հղում


«Ազատություն» ռադիոկայանին հայտնի է դարձել, որ արձանագրությունների կստորագրվեն Երեւանի ժամանակով երեկոյան 7-ից հետո:

Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն իրենց ստորագրությունները կդնեն նախաստորագրված փաստաթղթերի տակ:

Ստորագրման արարողությունը պաշտոնապես տեղի է ունենալու Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյի ներկայությամբ:

Արարողությանը ներկա են գտնվելու՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Եվրամիության նախարարների հանձնաժողովի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը, Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան:

Ինչպես նշված է հաղորդագրությունում, արձանագրությունները ստորագրումը «արդյունք է Շվեյցարիայի միջնորդական գործունեության»:

Շվեյցարիան ավելի քան մեկ տարի, կողմերի խնդրանքով, հանդես է եկել միջնորդի դերում՝ նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները:

«Սա ընդամենը Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման, հարաբերությունների բարելավման ճանապարհին մի քայլ կլինի, չափազանց կարեւոր քայլ, բայց՝ ոչ երբեք ճանապարհի վերջը», - կարծիք է հայտնել շվեյցարացի վերլուծաբան Վինսենթ Լանդենը:

Իսկ Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտի Թուրքիայի նախագծի տնօրեն Օմեր Տասպինարը փաստաթղթերի ստորագրումը «այս գործընթացի ամենադյուրին մասն» է համարում:

Արձանագրություններից մեկը, հիշեցնենք, երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանն է վերաբերում, մյուսը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

Դրանք ուժի մեջ կմտնեն միայն խորհրդարանական վավերացումից հետո: Բայց նկատի ունենալով ստորագրման արարողությանը աշխարհի գրեթե բոլոր զորեղների ներկայությունը, հարկ է նշել, որ այս գործընթացի միջնորդները եւ հովանավորները նույնպես շահագրգռված են, որ այս երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատվեն:


Հրայր Թամրազյան, Ցյուրիխից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG