Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը ներկա կլինի հայ - թուրքական համաձայնության ստորագրմանը


«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնելու է Ցյուրիխ, որտեղ ներկա կլինի հայ - թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված պատմական նշանակության համաձայնության ստորագրման արարողությանը։ԼՐԱՑՎԱԾ

Հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաների թվում են նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու պետությունների` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Բեռնար Կուշները եւ Սերգեյ Լավրովը։

Ըստ «Ռոյթերզ»-ի, Ցյուրիխում փաստաթղթի ստորագրմանը կմասնակցեն նաեւ Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Օգտվելով պատեհ առիթից, ԱՄՆ-ի պետքարտուղարը Եվրամիության երկրների եւ Ռուսաստանի արտգործնախարարների հետ կքննարկի նաեւ Իրանի հետ հարաբերություններին վերաբերող հարցեր։

«Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ Հայաստանը եւ Թուրքիան մտադիր են ստորագրել «դիվանագիտական կապեր հաստատելու եւ սահմանը բացելու մասին համաձայնություն, որով վերջ կդրվի Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածների հետեւանքով սկիզբ առած ու գրեթե մեկ դար շարունակվող թշնամանքին»։

DPA լրատվական գործակալությունը վկայակոչել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնին, ով ասել է, որ «պետքարտուղարը Շվեյցարիա է մեկնում` հավաստելու մեր աջակությունը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացին, որը, մեր համոզմամբ, պատմական քայլ է թե' Թուրքիայի եւ թե' Հայաստանի համար»։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, մինչդեռ, տարածել է հայտարարություն, որում ափսոսանք է հայտնում Ցյուրիխում հայ - թուրքական համաձայնագրի ստորագրմանը ներկա գտնվելու` պետքարտուղար Հիլարի Քլինթոնի որոշման կապակցությամբ:

«Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելու` Բարաք Օբամայի վարչակազմի ջանքերը կարճատես են եւ երկարաժամկետ հեռանկարում լուծումներ տալու փոխարեն կհարուցեն ավելի շատ խնդիրներ», - ասված է հայտարարությունում:

Հայ դատի գրասենյակը հավաստիացնում է, որ «ամերիկահայերը, ինչպեսեւ ամբողջ հայկական Սփյուռքը եւ բուն Հայաստանում թափ առնող ընդդիմադիր ալիքը, շարունակում են խիստ դեմ մնալ այս միակողմանի համաձայնությանը, որն ուղղակիորեն սպառնում է Հայաստանի անվտանգությանը, հավասարազոր է հայ ազգի իրավունքներից հրաժարվելուն եւ վիրավորական է յուրաքանչյուր հայի արժանապատվության համար»։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դեռեւս չհաստատեց հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների` շաբաթ օրը Ցյուրիխում նախատեսվող ստորագրման վերաբերյալ տեղեկատվությունը:

Միաժամանակ, «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ուրբաթ օրը հաղորդագրություն է տարածելու արձանագրությունների ստորագրման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG